Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի իշխանությունների ավելի քան 100 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Մենք պետք է մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա մեր տրամադրության տակ եղած միջոցներով:ԵՄ-ի անդամներին ուղարկվել է պատժամիջոցների նոր փաթեթ, որը ներառում է Ռուսաստանի իշխանությունների տարբեր մակարդակների ավելի քան 100 ներկայացուցիչների ցուցակը, ինչպես նաև տնտեսական այլ պատժամիջոցներ: Հուսով եմ, որ այս փաթեթը կհաստատվի մինչև այս նստաշրջանի ավարտը»,- ասել է Բորելը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աֆրիկյան շատ երկրներ մարտի սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ձեռնպահ են մնացել՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ բանաձեւի քվեարկության ժամանակ։
«Ինչո՞ւ այս երկրները չմասնակցեցին քվեարկությանը: Ամերիկյան երկրները քվեարկության մեջ միասնություն դրսևորեցին, բայց ոչ Աֆրիկայի երկրները: Մենք պետք է կենտրոնանանք մեր հարաբերությունների վրա աֆրիկյան պետությունների հետ, քանի որ մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում, երբ աշխարհը մտնի կրիտիկական փուլ»,- ասել է Բորելը։
Միաժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ Եվրոպան կախված է ռուսական գազից։
«Մենք պետք է դուրս գանք այս կախվածությունից: Անհրաժեշտ է կտրել այն թելերը, որոնք կապում են մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ, արգելափակել այն հոսքերը, որոնք ուղղվում են ռազմական գործողությունների ֆինանսավորմանը»,- պնդել է Բորելը։
Նա նշել է, որ ռուսական գազից կախվածությունը երկու երրորդով նվազեցնելը, ինչպես նախատեսված է Եվրահանձնաժողովի նոր հրահանգով, դժվար, բայց իրատեսական նպատակ է։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։