Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 8-ի կեսօրից մինչև մարտի 9-ի առավոտ «հայկական անօրինական զինված կազմավորման անդամները Ադրբեջանի տարածքում», որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, տարբեր տրամաչափի զենքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ Իվանյանի (Խոջալու) և Գորանբոյի շրջաններում:
«Սադրանքները կանխելու համար այս հատվածներում տեղակայված մեր ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք միջոցներ։
Ներկայումս այս հատվածներում իրավիճակը կայուն է, օպերատիվ պայմանները գտնվում են մեր ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո»,-նշվել է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամի) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։