Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության հայտարարությունն այն մասին, որ երկրի անվտանգությունը երաշխավորող նոր պայմանագրի կնքման անհրաժեշտություն կա, ցույց է տալիս, որ Կիևը համաձայնել է հայտարարել պետության չեզոք կարգավիճակի մասին: Այդ մասին հայտնում է СТРАНА.ua-ն։
««Ժողովրդի ծառա» կուսակցության հայտարարությունը շատ նշանակալից է, քանի որ Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ հնչեցրել են այն ձևակերպումը, թե ինչպես են Կիևում տեսնում պետության չեզոք կարգավիճակը, որը պահանջում է Ռուսաստանը: Փաստորեն, իշխող կուսակցությունը համաձայնել է հայտարարել նման կարգավիճակ (քանի որ ՆԱՏՕ պատրաստ չէ իրենց ընդունել) և իր որոշման մեջ ամրագրել անվտանգության երաշխիքների պայման, որը պետք է տան Արևմուտքը, Թուրքիան և Ռուսաստանը»,-գրում է ԶԼՄ-ն։
Կայքը նաև նշում է, որ թեև ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինական իշխանությունների հայտարարությունը «այնքան էլ տեղին չի թվում», բայց ռուսական հատուկ գործողության ավարտից հետո այն կարող է ապագա փոխզիջումների հիմք դառնալ:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխող կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելու անհնարինության մասին։ Կիևում հայտարարեցին նոր միջազգային պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին, որը կփոխարինի Բուդապեշտի հուշագրին և կերաշխավորի երկրի անվտանգությունը ԱՄՆ-ի, Թուրքիայի և հարևան պետությունների անունից։ Անվտանգության երաշխիքների Ուկրաինայի տարբերակը նաև Մոսկվային առաջարկում է օրինական կերպով ամրագրել ուկրաինական պետականության ճանաչումը և երաշխավորել Կիևին «ուղղված սպառնալիքների բացակայությունը»։