Ռուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։
«2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան ենթարկվեց նացիստական գաղափարախոսության ազդեցությանը: <…> Մենք ցանկանում ենք ազատել նրան այս գաղափարախոսությունից: Բացի այդ, ավելացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը Ուկրաինայում, որն ուղղակիորեն սպառնում է. Ռուսաստանի անվտանգությունը: <…> Մենք նպատակ չենք դնում ուկրաինական տարածքը մասերի բաժանել, այլ ձգտում ենք ապահովել մեր անվտանգության երաշխիքները»,- ասել է խոսնակը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան ձգտում է ապահովել, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային։
Միաժամանակ Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով նրանց հետ, պարտավորություններ ունի նրանց նկատմամբ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Այդ կապակցությամբ, ըստ նրա, Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում «Կիևին զինաթափելու համար», որն իր գործողություններով սպառնում է նաև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անվտանգությանը։
______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։