ՆԱՏՕ-ն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծմանը․ Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար կանաչ լույս է վառել:

Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մի՞թե այսպիսի ՆԱՏՕ էինք մենք ուզում: Մի՞թե այսպիսի Դաշինք էիք կառուցում։ Դաշինքի ղեկավարությունն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծմանը՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտու սահմանումից։ Դուք կարող էիք երկինքը փակել, բայց… Ես չգիտեմ` դուք ո՛ւմ կարող եք պաշտպանել, ունակ եք արդյոք պաշտպանելու ձեր` դաշինքի անդամ երկրները: Դուք չեք կարող մեզ գնել վառելիքի լիտրերով, որ կտրվեն մեր ընդհանուր Եվրոպայի, ընդհանուր ապագայի ու ազատության համար հեղված արյան լիտրերի դիմաց»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Զելենսկին թույլ ու շփոթված է անվանել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել