Բայդենն անդրադարձել է միջուկային պատերազմի հավանականությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացիները չպետք է անհանգստանան հնարավոր միջուկային պատերազմի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմավարական ուժերը «հատուկ» պատրաստության վիճակի բերելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։ Ինչպես գրում է Reuters-ը, երկուշաբթի լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ամերիկացիները պետք է վախենան միջուկային պատերազմից։

«Ո՛չ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն «դիտարկում և վերլուծում է» Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ նրա հրամանի համաձայն՝ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կառավարման կետերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի, ինչպես նաև հեռահար ավիացիայի հրամանատարության հերթապահները սկսել են ուժեղացված անձնակազմով մարտական հերթապահություն իրականացնել:

Փետրվարի 27-ին Ռուսաստանի բանակը Պուտինի հրամանով բերվել է ծառայության հատուկ ռեժիմի: Պուտինի խոսքով՝ այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել