Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, հույս է հայտնել, որ այն չի վերածվի համամոլորակայինի, հայտնում է Belta-ն։
«Աստված չանի, որ այն վերածվի համամոլորակային պատերազմի։ Այն նույնիսկ չի սկսվել 2014թ։ Այդ ժամանակ այդ պատերազմը առաջին անգամ մտավ սուր զինված փուլ։ Բայց ի՞նչն էր սրան նախորդել», – նշել է նա։
Նա հայտարարել է, թե Մինսկն ամեն ինչ անում է Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։