Բելառուսում Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունները շարունակվում են, շուտով կսկսվի երրորդ փուլը, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են, մի քանի րոպեից կսկսվի երրորդ փուլը»,- գրել է Պոդոլյակը իր Թվիթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, Բելառուսում բանակցություններ են սկսվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ «բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ի վաղ առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնություն են խնդրել»։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ չի հասցրել Ուկրաինայի քաղաքներին. ռազմական ենթակառուցվածքը վնասվել է գերճշգրիտ զենքերով։ Քաղաքացիական բնակչությանը, ըստ գերատեսչության, վտանգ չի սպառնում։ ՊՆ-ն հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները ոչ մի դիմադրություն չեն ցույց տալիս, որոշ դեպքերում ուկրաինացի զինվորականները հանձնվում են, իսկ դրանից հետո նրանք հնարավորություն ունեն վերադառնալու իրենց ընտանիքների մոտ։