Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 16 երեխայի մահվան մասին, փոխանցում է Интерфакс-Украина-ն։
«Չորրորդ օրն է՝ վիրավորներին շուրջօրյա վիրահատելով՝ կյանքեր ենք փրկում, երեխաներին էլ ենք վիրահատում, 16 երեխայի փրկել, ցավոք, չի հաջողվել։
Սրանք այն փաստի արդյունքն են, որ ռուսական բանակը, որը չի կարելի բանակ անվանել։ Բանակը չէ, քանի որ կրակում է բժիշկների, երեխաների, դպրոցների, մանկապարտեզների վրա, ահաբեկիչները կրակում են նրանց վրա։ Եվ ես կրկնում եմ՝ սա բանակը չէ, սրանք ահաբեկիչներ են»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։