Եվրամիությունն ամբողջությամբ փակում է օդային տարածքը Ռուսաստանի համար. արգելում է ռուսական ընկերությունների և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված կամ վերահսկվող օդանավերի մուտքը, փոխանցում է Экономическая правда-ն։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա պարզաբանել է, որ պատժամիջոցները կնշանակեն, որ ՌԴ զրկվելու է Եվրամիության տարածքով ինչպես բեռներ ուղարկելու, այնպես էլ վայրէջք կատարելու և թռչելու հնարավորությունից։
«ԵՄ տարածքում կսահմանափակվեն ռուսական պետական Russia Today-ը, Sputnik-ը ու նրանց դուստր ձեռնարկությունները։ Այս պատերազմի մյուս ագրեսորին՝ Լուկաշենկոյի ռեժիմին, մենք թիրախավորելու ենք պատժամիջոցների նոր փաթեթով՝ հարվածելով նրա ամենակարևոր ոլորտներին։ Մենք կաշխատենք ռուս օլիգարխներին արգելել օգտագործել իրենց ֆինանսական ակտիվները մեր շուկաներում»,-նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։