Սպիտակ տունը հայտնել է, որ Ճապոնիայի անդամակցությամբ G7-ի բոլոր երկրներն այժմ աջակցում են Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցներին, ներառյալ ՌԴ կենտրոնական բանկի գործունեության սահմանափակումները և մի շարք ռուսական բանկերի անջատումը SWIFT վճարային հաղորդագրությունների համակարգից:
«Մենք ողջունում ենք Ճապոնիայի այսօրվա հայտարարությունը, որ նրանք միանում են Եվրահանձնաժողովին, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Մեծ Բրիտանիային, Կանադային և ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին միջազգային ֆինանսական համակարգից և մեր տնտեսություններից մեկուսացնելու առաջարկին»,-ասել է ԱՄՆ վարչակազմի խոսնակ Ջեն Փսակին:
«Ճապոնիայի հայտարարությունից հետո G7-ն այժմ աջակցում է SWIFT-ից ռուսական որոշ բանկերի անջատմանը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի սահմանափակումներին և Ռուսաստանի հիմնական առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Պուտինի դեմ պատժամիջոցներին», – ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։