Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, և նրանք պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ռուսականի հետ սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք Զելենսկու տելեգրամյան ալիքից։
«Քաղաքական գործիչները պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսականի հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Լուկաշենկոն պատասխանատվություն է վերցրել, որ ուկրաինական պատվիրակության մեկնման, բանակցությունների և վերադարձի ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները օդ չեն բարձրանա։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է բանակցություններ վարել Բելառուսի հետ սահմանին: Պուտինը նաև կարգադրել է զսպող ուժերը տեղափոխել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։