Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, հայտնում է Aliq.ge-ն։

«Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն շատ ավելի կվնասի մեր երկրին ու մեր քաղաքացիներին։ Ուստի՝ որպես երկրի ժողովրդի համար պատասխանատու կառավարության ղեկավար՝ առաջնորդվելու եմ միայն երկրի ազգային շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ կառավարության ղեկավարի՝ պատժամիջոցները կվնասեն Վրաստանի շահերին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել