Ռուսաստանցի միլիարդատերերը Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով մեկ օրում 39 միլիարդ դոլար են կորցրել. Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ արդեն զգացել են իրենց պետության և Ուկրաինայի միջև լարվածության աճի հետևանքները:Նրանց վիճակն առավել վատթարացավ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժելու որոշումից հետո, փոխանցում է Bloomberg-ը։

Վնասը անդրադարձել է նրանց ակտիվների վրա։ Ռուսական MOEX Russia-ի բազային ինդեքսը Մոսկվայում եղել է 33%-ով ցածր, ինչը տեղական արժույթի ֆոնդային շուկայի պատմության մեջ հինգերորդ ամենավատ արդյունքով անկումն է: 1987 թվականի «սև երկուշաբթուց» հետո սա առաջին նման մեծության անկումն է որն ազդում է ավելի քան 50 միլիարդ դոլար արժողությամբ շուկայի վրա:

Ռուսական բաժնետոմսերի 33%-ով անկումը շուկայի պատմության մեջ հինգերորդն է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում անվտանգության վատթարագույն ճգնաժամերից մեկը սպառնում է խորացնել շուկայի անկումը տարածաշրջանում, և հատկապես Ռուսաստանում, որի դեմ պատժամիջոցներ են կիրառել ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Մի քանի միլիարդատերեր, այդ թվում՝ Գենադի Տիմչենկոն, նույնպես ենթակա են տույժերի՝ Պուտինի հետ իրենց կապերի համար, թեև պոտենցիալ թիրախների շրջանակը ընդլայնելու կոչեր կան:

Ըստ «Բլումբերգի Միլիարդատերեր Ինդեքսի» (Bloomberg Billionaires Index) «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի կարողությունը մեկ օրում կրճատվել է գրեթե մեկ երրորդով՝ նվազելով մոտ 6,2 միլիարդ դոլարով՝ հասնելով 13 միլիարդ դոլարի:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել