Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:
Այս մասին նա հայտարարել է Telegram-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում:
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին:
Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի բախումը Ուկրաինայում ազգայնական ուժերի հետ անխուսափելի է և դա միայն ժամանակի հարց է: «Նրանք պատրաստվում են և սպասում հարմար ժամի: Հիմա էլ հավակնում են ունենալ միջուկային զենք: Մենք թույլ չենք տա նրանց դա անել»,-նշել է նա։