Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ գտնվող Գոլուբովսկոյե և Դոնեցկի գյուղերում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով ավելի քան հազար տուն և բնակարան մնացել է առանց էլեկտրականության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Լուգանսկը հայտնել էր, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում ուկրաինական զինված ուժերի կողմից ութ գնդակոծության է ենթարկվել, այդ թվում՝ Դոնեցկ և Գոլուբովսկոյե գյուղերը՝ Դոնբասի շփման գծի մոտակայքում:
«Ուկրաինայի Զինված ուժերն արդեն ութ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Նրանց կողմից Դոնեցկի և Գոլուբովսկոյե բնակավայրերի ուղղությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում, ինչի հետևանքով վնասվել է 35 կՎ օդային գծի Միխայլովկա և Պետոդոնեցկայայի թիվ 1 ենթակայանները, ավելի քան 1000 բաժանորդ զրկված է էլեկտրամատակարարումից»,-հայտնել է Լուգանսկի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել էր քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Կիևից եկող սպառնալիքի հետ։ Առաջին հերթին տարհանումը վերաբերում է կանանց, երեխաներին ու տարեցներին։ Շաբաթ առավոտյան ինքնահռչակ երկրների ղեկավարները հրամանագրեր են ստորագրել հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիայի մասին: