Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանն անդամակցելու հնարավորության վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Այս հարցին ուռճացված ուշադրություն դարձրեցին Հայաստանի որոշ քաղաքական ուժեր, պետք է ամբողջությամբ նայեք նախագահի հարցազրույցը. ոչ մի հիշատակում չի եղել, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ստիպում է անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն ասոցիացիայի: ․․․Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է խոսք գնում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- պարզաբանել է նա։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը նոր երկրների միանալու հնարավոր հեռանկարները, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի»։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։