Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ջավախեթիի բարձրավանդակում: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Ըստ սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլիի՝ համեմատած նախորդ ամառ գրանցված երկրաշարժերի հետ, այսօրվա ցնցումները համեմատաբար ուժեղ էին։ Նրա խոսքով, սպասվում են կրկնվող թույլ ցնցումներ, ինչպես սովորաբար լինում է ուժեղ երկրաշարժերից հետո։
«Ամռան ընթացքում (հունիս, հուլիս, օգոստոս) տեղի ունեցած երկրաշարժերը միջին կարգի էին, իսկ այս երկրաշարժը արդեն զգալիորեն ուժեղ էր։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջավախեթիի բարձրավանդակում։ Գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնություն։ Բավականին լուրջ երկրաշարժ է: Փլուզումների մասին մենք տեղեկություն չենք ստանում։ Քաղաքը բավականին լավ զգաց ցնցումները: Ինչ վերաբերում է կրկնությանը, ապա դա հավանական է, և կարող են թույլ իմպուլսներ լինել»,- ասել է Մանանա Ձմանաշվիլին։
Վրաստանում երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 22:25-ին։ Երկրաշարժի ուժգնությունը, ըստ վերջին տվյալների, կազմել է 6,2 մագնիտուդ։
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էին, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան:։