Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շուտով Ազգային Ժողովը կընտրի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 7-րդ անդամին:
Մի շարք լրատվամիջոցներ համոզում են հասարակությանը, որ, ըստ այսպես կոչված Դ՛Օնտի բանաձեւի, այդ վերջին անդամը պետք է պարտադիր ընտրվի ընդդիմադիր ֆրակցիաների կողմից առաջադրված թեկնածուներից:
Դա այդպես չի: Դ՛Օնտի հայտնի բանաձեւի նպատակն է խորհրդարանի ղեկավար կազմում ամրագրել ԱԺ ընտրությունների արդյունքներով մանդատներ ստացած քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Այլ մարմինների (ՍԴ, ԿԸՀ, ՀՌՀ, այլ) ձեւավորման պարագայում օրենսդրությունը չի նախատեսում այդ բանաձեւի կիրառումը: Ավելին, կիրառումը անտրամբանական կլիներ եւ կարժեքազրկեր մեր Հանձնաժողովի գործունեության ամբողջ իմաստը, հայեցակարգը, քանի որ ՀՌՀ անդամները կուսակցական չպետք է լինեն, քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, այս կամ այն կուսակցության շահերից բխող որոշումներ չպետք է կայացնեն…
Ուստի խնդրանքս լրատվամիջոցներին. ՀՌՀ անդամի առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս, Դ՛Օնտի բանաձեւը մի հիշատակեք»,-գրել է նա: