Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում՝ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված է նոտարական համակարգի արդյունավետության բարձրացում։

Նախատեսվում է կատարողական մակագրության ինստիտուտի կիրառման անհրա­ժեշտ ընթացակարգերի ներդրում։ 

Նշվում է, որ կատարողական մակագրության թերթի ինստիտուտի կիրառումը կարող է հանդիսանալ քաղաքացիական գործերով դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու արդյունավետ միջոց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերով առկա գերծանրաբեռնվածությունը պայմանավորված է, առաջին հերթին, գումարի բռնագանձման պահանջի վերա­բերյալ գործերով։

Այդուհանդերձ, կատարողական մակագրության թերթի ինստիտուտը դեռևս հնարավոր չէ գործնականում լայնորեն կիրառել՝ պայմանավորված այն հանգա­մանքով, որ մշակված և ընդունված չէ դրա կիրառման համար անհրաժեշտ գործի­քակազմը:

Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է նաև նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի վերանայումը։

Ըստ ռազմավարության, նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է վերանայել նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերը, քանի որ օրենքով սահմանված հիմքերը և ընթացակարգերը հստակ չեն:

Ռազմավարության հաջորդ ուղղություններից մեկը նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացումն է։

Նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է նախատեսել, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ նոտարական այն գործողությունները, որոնց անձամբ ներկա են գտնվում կողմերը, կարող են տեսաձայնագրվել: Արդյունքում, ակնկալվում է ապահովել ինչպես նոտարների, այնպես էլ կողմերի շահերի արդյունավետ պաշտպանությունը, նվազեցնել դատական վեճերի հավանականությունը և ապահովել դատական վեճերի դեպքում հավելյալ ապացույցների օգտագործման հնարավորությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել