Ավստրալիացի կենսաբաններն ուսումնասիրել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց իմունային համակարգի աշխատանքին մասնակցող գեների էքսպրեսիան։ Նրանք պարզել են, որ դրանք ավելի վատ են աշխատում երկարատև COVID-19-ի ախտանիշներ ունեցող հիվանդների մոտ: Բացի այդ, նրանց արյան մեջ թրոմբոցիտների մակարդակն ավելի ցածր է, ինչն առաջացնում է քրոնիկ հոգնածություն։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնագետները վեց ամսվա ընթացքում հետևել են կորոնավիրուսի սկզբնական՝ «ուհանյան» շտամով հիվանդացած և դրանից ապաքինված 20-80 տարեկան 69 մարդկանց արյան մեջ հազարավոր գեների էքպրեսիային: Նրանց շուրջ մեկ երրորդն ունեցել է հետքովիդյան համախտանիշի ախտանշաններ և այդ առնչությամբ դիմել է բժշկի։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով երկար ժամանակ հիվանդացած բազմաթիվ մարդկանց մոտ գեների էքսպրեսիան տարբերվում է նրանցից, որոնք տարել են քովիդը՝ առանց հետևանքների։
Առաջին հերթին նրանց մոտ ցածր է եղել թրոմբոցիտների մակարդակը՝ բջիջներ, որոնք նպաստում են արյան մակարդմանը և հյուսվածքների վերականգնմանը: Այս վիճակը, որը կոչվում է թրոմբոցիտոպենիա, հաճախ արտահայտվում է որպես քրոնիկական հոգնածություն:
Հետազոտության մասնակիցների մեծամասնության մոտ՝ ինչպես հետքովիդային համախտանիշով, այնպես էլ առանց դրա, հեղինակները նկատել են իմունային համակարգի աշխատանքի զգալի խախտում վարակվելուց հետո առնվազն 12 շաբաթվա ընթացքում: Իմունային համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է միայն 24 շաբաթ անց։ Ընդ որում, գիտնականները կապ չեն գտել վարակի ծանրության և իմունային համակարգի աշխատանքի խախտման աստիճանի միջև։ Իմունային ֆունկցիայի խանգարում եղել է նույնիսկ հիվանդությունը թեթև տարած մարդկանց մոտ:
Հեղինակները նշում են, որ հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են միայն վիրուսի սկզբնական շտամի վերաբերյալ տվյալները, ուստի դժվար է ասել, թե ինչպես են դելտա և օմիկրոն շտամներն ազդում իմունային համակարգի արձագանքի վրա: Գիտնականները երեք տարի շարունակելու են հետևել մասնակիցներին, որպեսզի փաստագրեն, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում կորոնավիրուսին երկարաժամկետ հեռանկարում։