Պետք է քայլեր ձեռնարկել՝ բուհերում և միջին մասնագիտական ուսհաստատություններում հակակոռուպցիոն կրթությունը ներառելու որպես պարտադիր առարկա

Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղություններից է հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը։

Ռազմավարության մեջ նշվում է, որ թեև ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են հակակոռուպցիոն կրթական և իրազեկման տարբեր ծրագրեր, սակայն վերջիններս լայնածավալ և համակարգված բնույթ չեն կրում, բացի այդ չեն ապահովում նաև անհրաժեշտ արդյունավետություն: Իրավիճակային վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն իրականացված բարեփոխումներին, որի արդյունքում չեն օգտվում դրանցից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է իրականացրած քայլերի ինքնանպատակ դառնալուն և անարդյունավետությանը:

Չնայած այն հանգամանքին, որ հասարակության դերը այս փուլում որոշումների կայացման հարցում ներազդելու առումով առավել քան երբևէ կարևորվում է, ինչի վառ օրինակ է նաև իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածության ապահովումը, այդուհանդերձ, 2017-2018 թթ-ներին իրականացրած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարին մասնակից լինելու, աջակցելու, կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարելու պատրաստակամության առումով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Նշյալը, ինքնին, վկայում է հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն իրավագիտակցության ցածր մակարդակի մասին, ինչը պետական մակարդակով մտորելու և գործուն քայլեր ձեռնարկելու տեղիք է տալիս:

Այս առումով ռազմավարությամբ առաջարկվում է շարունակական քայլեր ձեռնարկել հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համակարգային և պարբերական հակակոռուպցիոն կրթության տրամադրման հարցում: Ընդ որում, կառուցակարգային հարցերի լուծման նպատակով առաջարկվում է հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառույթը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վերջինիս համար սահմանելով կրթական ծրագրերի, ուղեցույցների, պարբերական խորհրդատվական զեկույցների մշակման և հրապարակման պարտականություն:

Ընդ որում, նշյալ վերապատրաստումների արդյունավետության բարձրացման և ինքնանպատակության բացառման նպատակով առաջարկվում է ներդնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների պարբերական գնահատման համակարգ:

Միաժամանակ, կարևորելով հակակոռուպցիոն կրթության արմատավորումը դեռևս դպրոցական տարիներից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում դասավանդվում են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այնպիսի թեմաներ, որոնք ոչ միայն, ըստ էության, հնացած են և վերստին չեն արտացոլում կառավարության որդեգրած մոտեցումները կոռուպցիայի դեմ պայքարում, այլև անհրաժեշտ և բավարար միջոց չեն կոռուպցիայի նկատմամբ կատարյալ անհանդուրժողականության ձևավորման և հակակոռուպցիոն վարքագիծ ուսանելու նպատակի իրագործման՝ առաջարկվում է կատարել ուսումնասիրություն ավագ դպրոցում ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների վերաբերյալ և վերանայել վերջիններիս բովանդակությունը:

Անհրաժեշտ է նաև քայլեր ձեռնարկել բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որպես պարտադիր առարկա հակակոռուպցիոն կրթությունը ներառելու ուղղությամբ:

Կարևորելով քաղաքացիական հասարակության դերը կոռուպցիայի դեմ պայքարում և գիտակցելով հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է վերջիններիս համար կազմակերպել շարունակական հակակոռուպցիոն վերապատրաստումներ:

Միաժամանակ, նախատեսում է պետության կողմից հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման և բողոքարկման մեխանիզմների, պետական մարմինների հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, ազդարարման համակարգի առանձնահատկությունների, տեղեկատվության ազատության երաշխիքների, հանրային ծառայողների էթիկայի կանոնների վերաբերյալ հանրության և հանրային ծառայողների տեղեկացվածության բարձրացում: Նշյալ ուղենիշի համար առաջարկվում է մշակել և հաստատել հանրային իրազեկման արշավների իրականացման տարեկան ծրագրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել