Հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է «Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։
Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի՝ ընդունելիության ratione materiae չափանիշին չհամապատասխանելու պատճառով:
Գանգատը վերաբերում էր նախկինում ցմահ դատապարտված Արսեն Արծրունու՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով և 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների ենթադրյալ խախտումներին՝ կապված վերջինիս վերաբերյալ դեռևս 1996 թվականին կայացված դատավճռով հաստատված մեղադրանքների և ներպետական քրեական օրենսդրության փոփոխությունների համապատասխանության հարցին:
ՀՀ կառավարությունն իր առարկություններում նշել էր, որ գործի փաստական հանգամանքների շրջանակներում դիմումատուի վերը նշված իրավունքների խախտման հարց չի կարող բարձրանալ, քանի որ օրենսդրական փոփոխությունները որևէ կերպ չեն վատթարացրել դիմումատուի վիճակը:
Եվրոպական դատարանն իր որոշմամբ անդրադառնալով դիմումատուի մեղադրանքի որակման և ներպետական օրենսդրության փոփոխության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը՝ գտել է, որ նկատի ունենալով գործի փաստական հանգամանքները՝ գանգատը դուրս է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներից և այն հայտարարել է անընդունելի՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի:
Մանրամասները՝ այստեղ։
Օրեր առաջ՝ Իրավաբան․net-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ է արձակվել։
Արսեն Արծրունու պաշտպան Ռոբերտ Ռևազյանը հայտնել էր, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել․ «Բայց կարող եմ ասել, որ իր վերաբերյալ դրական զեկույցների և դրական վարքագծի հիման վրա է նաև դատարանը նման եզրակացություն արել»,- ասաց նա։
Նշենք, որ Արսեն Արծրունին մահապատժի էր դատապարտվել 1996-ի դեկտեմբերի 10-ին։ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա ևս 42 մահապատժի դատապարտվածների հետ դարձել էր ցմահ դատապարտյալ։