Ադրբեջանը խոչընդոտելու է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ալիևը հեգնանքով է խոսել Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին՝ ասելով. «Ես տեղյակ չեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կարծում եմ՝ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին: Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը»:

Ի հեճուկս մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արած հայտարարությունների՝ Ալիևը հայտարարել է, թե համանախագահները «այլևս չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ հարցն արդեն լուծված է»:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Մինսկի խմբի՝ ԼՂ խնդրով զբաղվելու ցանկացած փորձ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ ավտորիտար Ադրբեջանի ղեկավարը ծաղրել է՝ ասելով. «Ըստ էության, [համանախագահները] արդեն 30 տարվա աշխատանքային ստաժ ունեն, նրանք թոշակի անցնելու շեմին են: Այդ իսկ պատճառով նրանց երկար տարիների կյանք ու քաջառողջություն եմ մաղթում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել