Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կմնան երկրում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ չի կայունացել։ Ավելի վաղ նրա մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը կավարտվի առավելագույնը մեկ շաբաթից, որից հետո օտարերկրյա զինվորականները կլքեն երկիրը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի վաղ ասել էր, որ խաղաղապահները բերվում են կարճ ժամկետով։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: