Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են։
Նրա խոսքով՝ Ղազախստանում անկարգությունների նախապատրաստվել են ու ղեկավարվել մեկ տեղից։
Հանրապետության ղեկավարը հայտնել է, որ Ղազախստանում ավազակային կազմավորումները փորձում են տիրանալ զենքի ու զինտեխնիկայի։ Նա նաև նշել է, որ Ղազախստանում զոհվել է 16 իրավապահ, հստակեցվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Բացի այդ, նա հայտարարել է Ղազախստանում անկարգություններին ահաբեկիչների անմիջական մասնակցության մասին, այդ թվում՝ օտարերկրյա զինյալների․ «Ղազախստանում ահաբեկիչները գործել են առանձնակի դաժանությամբ և գլխատել երկու զինծառայողի»։
Տոկաևն ասել է, որ հունվարյան ճգնաժամը դարձել է ամենամեծը հանրապետությունում երկրի անկախության ողջ պատմության ընթացքում. «Հունվարին մի քանի օր շարունակ Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ է ապրել, այն դարձել է ամենածանրը երկրի պատմության երեսուն տարվա ընթացքում»,- ասել է Տոկաեւը։
Նրա խոսքով, Ղազախստանում քաղաքական պահանջները լսվել և կատարվել են։
Տոկաևն ասել է, որ ՀԱՊԿ բոլոր երկրները հանդես են եկել որպես միասնական ճակատ՝ օգնելու Ղազախստանին, ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը։ Ինչպես նշել է Ղազախստանի ղեկավարը, ՀԱՊԿ ուժերի ժամանումը օգնել է Ալմա-Աթան ահաբեկիչներից հետ գրավել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում ցուցաբերած օպերատիվության համար։