Ալմաթիում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել են Ղազախստանի 353 իրավապահներ, զոհվել՝ 12-ը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Хабар-24 հեռուստաընկերության եթերում մեջբերվել է հրամանատարների հայտարարությունից հատված․ «Զոհերից մեկի մարմինը գլխատվել է։ Սա ավազակային կազմավորումների ահաբեկչական և ծայրահեղական բնույթի ապացույցն է»։
Այս պահին Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է ընթանում։ Հեռուստաալիքը, վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ դրա իրականացումը դժվարանում է նրանով, որ ահաբեկիչները թաքնվում են խաղաղ բնակիչների թիկունքում, նրանց օգտագործելով՝ որպես կենդանի վահան։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: