ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։
Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Դրանք ներառում էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ։
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավակարգի ուժերին իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում։
Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են մտել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները և զորամասերը։
Ներկայումս խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի ֆոնին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինեց հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը ևւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։