Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։
Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանի հետ։
-Պարոն Սիմոնյան, Արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։
-Նայած, թե ինչ ենք ուզում փոխել, եթե դա պետք է անենք ձևի համար, բնականաբար իմաստ չկա, բայց եթե դա պետք է արվի խնդիրները լուծելու համար, որոնք այս ընթացքում դուրս է եկել Սահմանադրության կիրառական պրակտիկայից, ապա կասեմ՝ այս։ Ճիշտն ասած, ես բացառապես մասնագիտական աշխատանք կատարելու քաղաքական կամքը չեմ տեսնում։ Իհարկե, Արդարադատության նախարարությունն իրենից կախվածը կանի, մասնագետներ կներգրավի, բայց քաղաքական ուժը, որը ստանձնում է այդ պատասխանատվությունը, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չէ Սահմանադրական փոփոխություններն իրացնելու, այն իմաստով որ դա բխի մասնագիտական կարիքներից և պահանջներից։
-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։
-Պետք է բացառապես մասնագետներ ներգրավեն աշխատանքներում, իհարկե հանրային կարծիքը հաշվի առնելով, բայց քանի որ Սահմանադրությունն ինքնին մասնագիտական աշխատանքների արդյունք պետք է լինի, դա կասկածից վեր պետք է լինի։ Ավելին՝ այսօր պետք է վեր հանենք այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել պետական կառավարչական ապարատում, օրինակ՝ պառլամենտական համակարգի ներդրման պարագայում, ինչ խնդիրներ են ի հայտ եկել, ինչպես դա պետք է լուծել, եթե լուծելն անհնար է, ապա անցում կատարենք այլ կառավարման համակարգի և այլն։ Սա միայն գիտական ոլորտի մարդիկ պետք է կարողանան այս հարցի պատասխանները տալ։ Կարելի է գլուխ-գլուխ փոփոխություններ անել, որպեսզի մարդիկ իմանան ինչի համար ենք քվեարկում։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞։
-Պետք չէ անընդհատ կառավարման համակարգեր փոխել, դա սխալ էր նաև 2015 թվականին և սխալ կլինի, եթե ևս մեկ անգամ անեն, անկախ նրանից՝ ինչ ենք դրա փոխարեն բերում։ Ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում միայն թղթի վրա է գրված՝ կառավարման պառլամենտական համակարգ, այստեղ չկա պառլամենտական համակարգ և այսօրվա մեր Սահմանադրությունը միայն ձևականորեն է հռչակել պառլամենտական համակարգը։
Հայաստանում գերկենտրոնացված գործադիր իշխանության համակարգ է, դրա անունը կարող եք սուպերվարչապետական դնել, կարող եք՝ գերվարչապետական կամ չգիտեմ, բայց սա գրեթե նույն նախագահական կառավարման համակարգն է, պարզապես անունը փոխած։
-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։
-Մենք քննարկել ենք այդ հարցը, իրականում հանձնաժողովը գրեթե կես-կես էր որոշում կայացրել։ Ես ներկայացնում էի քաղաքական խմբակցություն, որը կողմ էր այդ գաղափարին, բայց իրականացման մեթոդաբանությանը կողմ չէինք և ես դեմ եմ քվեարկել, զուտ այն պատճառով, որ բավարար չէր հիմնավորում առ այն, որ առկա ինստիտուտները պետք է քանդենք, տեղը նորը ստեղծենք։ Իմ կարծիքով՝ պետք է պատճառը բավականին ծանրակշիռ լինի, որպեսզի հին ինստիտուտները քանդենք։ Խնդիրը մոդելի մեջ չէ, ճիշտ օգտագործելու մեջ է:
-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:
-Մասնագետների կարծիքն իհարկե կարևոր է, կան մասնագետներ, ովքեր հակառակ կարծիքն էլ կունենան։ Ինձ համար առաջնայինը, ոչ թե կարգավիճակի տալն է և ձևական առումով գրելը, այլ երկրի վրա այդ կառույցների փաստացի անկախության ապահովումն է։ Այսօր էլ ունենք Սահմանադրական մարմիններ, որոնք անկախ չեն, բայց ունեն Սահմանադրական մարմնի կարգավիճակ, հետևաբար, եթե էլի պետք է տանք այդ կարգավիճակը, բայց էլի անկախ չլինեն, ապա իմաստ չունի։ Քաղաքական մարմնի ազնվությունից է կախված, այսինքն իշխանությունը ուզում է, որ լինի անկախ իրականում, թե ոչ։ Հակակոռուպցիոն մարմինն անկախ է լինում, եթե կարողանում է իր առջև դրված գործառույթն իրականացնել, ոչ թե վերև նայել, թե այդ օրվա իշխանությունն ինչ հրաման կարձակի։
Հասմիկ Սարգսյան