Ամուսնության գրանցումը՝ որպես «ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ» իրավունքի գրանցման յուրօրինակ ձև

Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

«Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից:

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար՝ տասնյոթ, իսկ տղամարդկանց համար տասնութ տարեկան տարիքի հասնելը»,-այս մասին Իրավաբան.net-ին է հայտնում Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը։

Իրավաբանի խոսքով` ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը։ Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում:

Արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել