Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա և չի եղել նաև 2015 թվականին. Գոռ Հովհաննիսյան

Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։

Իրավաբան․net հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ խոսել ենք Հագենի համալսարանաի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, Սաքսոնիայի փաստաբանների պալատի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ։

– ՀՀ արդարադատության նախարարությունը ազդարարել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։

– Հայաստանում Սահմանադրության տեքստը երբեք խնդիր չի եղել, իրական խնդիրը այն է, որ սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում: Մեր դատարանները և հատկապես սահմանադրական դատարանը մեր Սահմանադրությունից շատ քիչ բան են հասկանում: Ամբողջ խնդիրը դա է, և հենց այդ հարցը պետք է քննարկվի: Մեր համալսարաններում ուսանողները չեն ստանում այնպիսի կրթություն, որ Սահմանադրությունից որևէ բան հասկանան: Ես սա ասում եմ իմ սեփական փորձից: Երբ դասավանդում էի Սլավոնական համալսարանում ակնհայտ էր, որ մարդիկ սահմանադրական իրավունքից գրեթե ոչինչ չեն հասկանում: Երբ մենք իրական խնդիրն ենք սկսում քննարկել, տեսնում ենք, որ Սահմանադրության տեքստը այս խնդրի համեմատ բացարձակ կարևոր չէ: Եթե մարդու իրավաբանական կրթությունը չի հերիքում, որ կարողանա Սահմանադրության տեքստը հասկանալ, արդեն որևէ նշանակություն չունի, թե ինչ է գրված այնտեղ:

Վերջին 30 տարում մենք ապրել ենք 3 տարբեր խմբագրությամբ Սահմանադրությունով: Երբ հետ ենք նայում 30 տարվա ընթացքում Հայաստանում կյանքը ընդհանրապես չի լավացել, հատկապես՝ իրավական կյանքը: Երեք տարբեր սահմանադրությունների գործողության ժամանակ որևէ դրական տեղաշարժ չի եղել, ո՛չ մարդու իրավունքների պաշտպանության և ո՛չ էլ պետական մարմինների գործունեության որակի: Ոչ ոք չի հարցնում, թե ո՞րն է պատճառը: Հենց այս խնդիրը պետք է քննարկվի, ոչ թե այն բացերը, որոնք կան Սահմանադրության մեջ: Հայաստանի դեպքում այդ բացերը ոչ մի նշանակություն չունեն, որովհետև Սահմանադրությունը մեկնաբանողներն ու կիրառողները դրանից ոչինչ չեն հասկանում: Հետևաբար, ինչ նշանակություն ունի, թե դրա մեջ ինչ է գրված, միևնույն է չեն հասկանալու:

Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա և չի եղել նաև 2015 թվականին:

Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը:

– Սահմանադրական բարեփոխումների կարիք չկա: Պետք է իրական խնդիրը լուծել, որը չափազանց վատ իրավաբանական կրթությունն է: Երբ մի երկրի Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի իրավունքի դարբնոցը և բոլորին սովորեցնի, թե ինչ է Սահմանադրությունը, տարրական պատկերացում չունի այդ մասին, ինչպե՞ս կարելի է խոսել բարեփոխումներից: Պետք է խոսել լավ իրավաբաններ պատրաստելու մասին: Օրինակ՝ սահմանադրական դատարանը 2006 թվականից քննում է անհատական դիմումներ: Վերցրեք և Սահմանադրական դատարանի անհատական դիմումների մասին որոշումները կարդացեք: Կտեսնեք, որ ՍԴ-ն չգիտի, թե ինչ է անհատական դիմումը: Նա ո՛չ գաղափար ունի անհատական դիմումների թույլատրելիության նախապայմանների մասին, ո՛չ էլ առավել ևս տեղյակ է, թե երբ է անհատական դիմումը հիմնավորված: Ավելին ասեմ․ դատարանը նույնիսկ չգիտի, որ ինքը պետք է միշտ ստուգի անհատական դիմումի թույլատրելիությունը և հիմնավորվածությունը: Քանի որ այս ամենը չի գիտակցվում, դատարանը քննության է ընդունում է անհատական դիմումներ, որոնք թույլատրելի չեն, կամ բավարարում է անհատական դիմումներ, որոնք հիմնավորված չեն:

Սահմանադրական դատարանը նույնիսկ չգիտի համաչափության սկզբունքն ինչպես պետք է ստուգել: Այսինքն, մեր իրավաբանական կրթությունը «մինուս անվերջության» մակարդակում է: Սա խայտառակություն է: Ինչպե՞ս կարելի է այս պայմաններում քննարկել սահմանադրական բարեփոխումների հարց: Նախ պետք է Սահմանադրական դատարանին կրթել և սահմանադրական իրավունք սովորեցնել: Ի վերջո՝ Սահմանադրությունը Սահմանադրական դատարանի պատասխանատվության տակ է՝ որպես վերջին ատյան:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ  կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞ՙ:

– Նույն բանն է: Օրինակ՝ այս տարի վարչապետը հրաժարական տվեց, երկու անգամ իր թեկնածությունը առաջադրելուց հետո չընտրվեց, որպեսզի խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեր, և տեղի ունենային նոր ընտրություններ: Այս ամբողջ գործընթացը եղել է հակասահմանադրական: Երբ Սահմանադրությունը  երկու անգամ վարչապետ չընտրելու պարագայում Ազգային ժողովն արձակելու հնարավորություն է տալիս, Սահմանադրությունը նկատի չունի, որ թեև խորհրդարանը կարող է ընտրել վարչապետ, բայց դիտավորյալ չի ընտրում: Սահմանադրությունը նկատի ունի, որ խորհրդարանում ներկայացված ուժերը չեն կարողանում համաձայնության գալ իրար հետ և փոխզիջումների միջոցով հավաքել գոնե այնքան ձայն, որն անհրաժեշտ է վարչապետ ընտրելու համար, և այդ պատճառով վարչապետ չի ընտրվում: Միայն այդ դեպքում պետք է խորհրդարանը արձակվի, որովհետև գործող Սահմանադրությամբ խորհրդարանը ինքնալուծարման իրավունք չունի: Երբ մենք Սահմանադրության նորմերը կիրառում ենք այնպես, ինչպես այս դեպքում եղավ, նշանակում է, որ խորհրդարանը ինքնալուծարվել է, քանի որ դիտավորյալ չի ընտրել վարչապետ, որպեսզի լուծարվի:

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է գործող Սահմանադրությունը խեղաթյուրվում չհասկանալու պատճառով: Վարչապետին երկու անգամ չընտրելը հակասահմանադրական էր, դրա հիման վրա խորհրդարանի արձակումը հակասահմանադրական էր: Հետևաբար, նոր ձևավորված խորհրդարանը և նրա կողմից ընդունված բոլոր օրենքները հակասահմանադրական են, որովհետև խորհրդարանը ձևավորվել է հակասահմանադրական ճանապարհով: Ես այս մասին արդեն հուլիս ամսին ասել եմ իմ հարցազրույցներից մեկում, բայց զրո արձագանք։ Անգամ իրավաբանները չեն քննարկում իմ բարձրաձայնած այս լրջագույն պրոբլեմը։ Հետևաբար, ոչ մի հիմք չկա ասելու, որ այս Սահմանադրությունը վատն է, այլ պետք է լրջորեն քննարկման առարկա դառնա այն հարցը, թե ինչու իրավաբանները իրավունքից շատ քիչ բան են հասկանում:

– Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:

– Ի՞նչ նշանակություն ունի այդ մարմինները սահմանադրական կարգավիճակ ունեն, թե ոչ: Այնպես չէ, որ առանց սահմանադրական կարգավիճակի հնարավոր չէ ապահովել այդ մարմինների արդար և թափանցիկ գործունեությունը: Այսինքն՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելը ամենևին անկախության և արդյունավետության նախապայման չէ: Բավարար է, որ օրենքով կարգավորվի այդ մարմինների լիազորությունները, գործունեության հիմնական ուղղությունները և օրենքները հստակ կիրառվեն: Օրինակ՝ Գերմանիայում դատարաններից միայն Դաշնային Սահմանադրական դատարանն է համարվում սահմանադրական մարմին, բայց դա չի խանգարում, որ մյուս բոլոր դատարանները անկախ և օբյեկտիվ աշխատեն: 

Եթե դու չես ուզում անկախ դատարան ունենալ, չես ունենա, թղթի վրա ինչ ուզում ես՝ գրի: Սահմանադրության մեջ ինչ-որ բան գրելը իմաստ ունի, եթե կա այդ գրածը իսկապես կատարելու ցանկություն: Մեր երկրում այդ ցանկությունը երբեք չի եղել:

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել