Սահմանադրության տեքստում փոփոխությունը չի կարող կատարվել առանձին քաղաքական ուժերի շահերից կամ նախասիրություններից ելնելով․ Անահիտ Մանասյան

Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։

Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանի հետ։

-Տիկին Մանասյան, Արդարադատության նախարարությունը ազդարարել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ են Սահմանադրությունում փոփոխությունները անհրաժեշտ հիմա։

-Կոնկրետ հասարակությունում հասարակական հարաբերությունների փոփոխությունը, որպես կանոն, հանգեցնում է սահմանադրական զարգացումների անհրաժեշտության։ Պատճառը սահմանադրական կարգավորումների՝ հասարակական հարաբերությունների զարգացման մակարդակին համարժեք լինելու անհրաժեշտությունն է։ Այլ հարց է, որ մեր հասարակական համակարգում սահմանադրական զարգացումների մասին խոսելիս առավելապես շեշտադրվում է Սահմանադրության տեքստային փոփոխության եղանակը։ Մինչդեռ վերջինս սահմանադրական զարգացումների՝ միջազգային պրակտիկայում հայտնի և արդյունավետ միակ եղանակը չէ։

Զարգացած սահմանադրական համակարգ ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ նշված բնագավառում հաջողում են այն համակարգերը, որտեղ համադրվում են Սահմանադրության զարգացման տարբեր եղանակները, մասնավորապես՝ տեքստային փոփոխությունները, Սահմանադրության պաշտոնական մեկնաբանությունը և սահմանադրական ավանդույթների ամրապնդման միջոցով սահմանադրական զարգացումը։

Կարծում եմ՝ այս պահին մենք ունենք Սահմանադրության նշված եղանակների համադրման պատշաճ մշակույթի ձևավորման անհրաժեշտություն, ինչին առաջին հերթին կարելի է ուղղել սահմանադրական զարգացման ցանկացած գործընթաց։ Հաջորդ կարևորագույն հանգամանքն այս պահին, իմ խորին համոզմամբ, պատշաճ սահմանադրական մշակույթի և ավանդույթների արմատավորումն ու դրանց զարգացումն է։ Առանց նշված հանգամանքի երաշխավորման որևէ տեքստային փոփոխություն չի կարող ծառայել իր իրական նպատակին։ Ինչ վերաբերում է Սահմանադրության տեքստային փոփոխություններին, ապա առանձին սահմանադրական կարգավորումների գործողության ընթացքում կարելի է նկատել դրանց բովանդակության կամ կիրառման պրակտիկայի կատարելագործման անհրաժեշտություն։ Սակայն նման յուրաքանչյուր արձանագրում չէ, որ հանգեցնում է սահմանադրական տեքստային փոփոխության անհրաժեշտության՝ հաշվի առնելով հիշատակածս հանգամանքները։ Հետևաբար, սահմանադրական զարգացման անհրաժեշտություն առկա է մշտապես՝ հասարակակական հարաբերությունների փոփոխությանը զուգընթաց, սակայն միշտ չէ, որ այդ զարգացումը պետք է իրականացնել տեքստային փոփոխությունների միջոցով։ Իսկ տեքստային փոփոխությունների անհրաժեշտությունը բացահայտելու համար անհրաժեշտ է գնահատել մի քանի կարևորագույն գործոններ և հանգամանքներ։

-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։

-Սահմանադրական բարեփոխումների ցանկացած գործընթաց պետք է համապատասխանի մի քանի առանցքային չափանիշների։ Առաջին կարևորագույն հանգամանքն այն է, որ նշված գործընթացը պետք է կազմակերպվի պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակով։ Խոսքը իրավական, քաղաքական, հոգեբանական, սոցիոլոգիական և այլ վերաբերելի բնագավառներում առկա պրոֆեսիոնալ չափանիշները գործընթացի հիմքում դնելու և բարեփոխման արդյունքը դրան համապատասխան ձևակերպելու մասին է։

Դրանից բխող հաջորդ առանցքային հանգամանքն այն է, որ Սահմանադրության տեքստում փոփոխությունը, այս կամ այն ինստիտուտի վերափոխումը չեն կարող կատարվել զուտ առանձին քաղաքական ուժի/ուժերի քաղաքական շահերից կամ նախասիրություններից ելնելով։ Ցանկացած փոփոխության հիմքում պետք է ընկած լինի լրջագույն պրոֆեսիոնալ հիմնավորում։ Այդ մասին են վկայում նաև նշված հարցի առնչությամբ միջազգային խորհրդատվական մարմինների դիրքորոշումները։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Սահմանադրության տեքստում յուրաքանչյուր փոփոխությունից առաջ հարկ է գնահատել և համադրել հետևյալ գործոնները՝ հստակ վերհանել առկա խնդիրները, առաջարկել դրանց համար լուծումներ, գնահատել բացահայտված խնդիրների և առաջարկված լուծումների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, գնահատել առաջարկված լուծումների հնարավոր ռիսկերը, իրականացնել բոլոր վերաբերելի բնագավառների տեսանկյունից խնդիրների և լուծումների վերլուծություն։ Ավելին, նույնիսկ նշված գործոնների համադրման արդյունքում հարկ է նկատի ունենալ Սահմանադրության զարգացման այլընտրանքային եղանակների պատշաճ իրացման և սահմանադրական ավանդույթների զարգացման բացառիկ կարևորությունը։ Առանցքային է նաև սահմանադրական բարեփոխման գործընթացի ընթացքում հանրության հետ ճիշտ կոմունիկացումն ու հանրային համերաշխության մթնոլորտի ձեւավորումը, որպիսի պայմաններում է միայն հնարավոր ունենալ սահմանադրական զարգացման հաջողված ընթացք։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞։

-Չափազանց կարևորում եմ կառավարման ձևի փոփոխության անհրաժեշտության առնչությամբ առկա գաղափարների հիմքում ընկած պատճառաբանության հետազոտությունը, քանզի նման անհրաժեշտության մասին վերջնական եզրահանգման կարելի է գալ բացառապես նշված պատճառների, առկա խնդիրների և կառավարման ձևի փոփոխության արդյունքում այդ խնդիրների լուծման հնարավորությունների միջեւ պատճառահետևանքային հստակ կապի արձանագրման պայմաններում։ Ուստի հարցի առնչությամբ եզրահանգումներ ներկայացնելու համար շատ կարևոր է նշված հանգամանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ներկայացումն ու արդյունքում՝ դրա վերլուծությունը։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում արձանագրել հարցին առնչվող մի քանի առանցքային հանգամանք։ Համամիտ եմ այն գաղափարին, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իշխանությունների բաժանման և հավասարակշռման առանձին մեխանիզմներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն։ Սակայն վստահ չեմ, որ այդ ամենի հիմքում ընկած է կառավարման խորհրդարանական մոդելի անկենսունակ լինելու հանգամանքը։ Ընդհանրապես կառավարման ձևերի վերաբերյալ խոսելիս մեր հասարակական համակարգում հաճախ ենք առաջնորդվում միֆային պատկերացումներով՝ օրինակ՝ կառավարման խորհրդարանական համակարգում խորհրդարանի, իսկ նախագահական համակարգում նախագահի առաջնային դերակատարություն ունենալու և այլ ընկալումներով։ Մինչդեռ մասնագիտական դիտանկյունից նշված ընկալումները ոչ միշտ են ամբողջական և հստակ։ Օրինակ՝ նախագահական կառավարման համակարգում խորհրդարանն ունի խորհրդարանական վերահսկողության լրջագույն մեխանիզմներ, իսկ ժամանակակից խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետություններից մեզ հայտնի են գործադիր իշխանության՝ լուրջ հեղինակություն վայելող բազմաթիվ ղեկավարներ և այլն։

Կառավարման մոդելների ու դրանց ժամանակակից ընկալումների մասին կարելի է շատ երկար խոսել, ինչը, կարծում եմ, նշված հարցազրույցի նպատակը չէ։ Այս համատեքստում պարզապես արձանագրեմ, որ կառավարման որևէ մոդելի պայմաններում չի փոխվում իշխանության ճյուղերից յուրաքանչյուրի գործառութային ոլորտը՝ օրենսդիր իշխանությունը բոլոր դեպքերում իրականացնում է խորհրդարանը՝ ունենալով խորհրդարանական վերահսկողության համապատասխան մեխանիզմներ, գործադիր կամ դատական գործառույթներն, իրենց հերթին, չեն փոխանցվում իշխանության մի ճյուղից մյուսին։ Իհարկե, կառավարման տարբեր մոդելների համատեքստում առկա են իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմների առանձնահատկություններ։ Այդ ամենի հետ մեկտեղ հարկ է արձանագրել, որ իրավական կոնվերգենցիայի ժամանակակից գործընթացների արդյունքում նույնիսկ կառավարման մոդելներն են միմյանցից փոխառել նախկինում իրենց ոչ բնորոշ մեխանիզմներ, և այդ առումով շատ դեպքերում նկատելի է վերջիններիս մերձեցում։

Ուստի կարծում եմ, որ կառավարման մեխանիզմների կատարելագործման առումով առաջնահերթ նշանակություն ունի ոչ թե կոնկրետ մոդելի ընտրությունը, այլ այդ համատեքստում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման պրոֆեսիոնալ և պատշաճ մեխանիզմների ամրագրումը։ Ավելին, հարկ է նկատի ունենալ, որ կառավարման ցանկացած մոդելի և վերջինիս շրջանակներում առկա ցանկացած մեխանիզմի կայացման հիմքում առաջին հերթին ընկած է համապատասխան ավանդույթների ձևավորման անհրաժեշտությունը, ինչը հնարավոր չէ իրականացնել անընդհատ բնույթ կրող փոփոխությունների պայմաններում։ Քննարկվող հիմնախնդրի առումով մասնագիտական տեսանկյունից կարևոր է նաև իշխանության յուրաքանչյուր ճյուղի գործառույթների հստակությունը, գործադիր իշխանության ղեկավարման դուալիզմի բացառումը և այլն։ Հետևաբար, կառավարման մոդելի կայացման առումով առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում այդ բնագավառում համապատասխան ավանդույթների ձևավորումը, ինչն իհարկե կարող է զուգորդվել իշխանությունների բաժանման և հավասարակշռման առանձին մեխանիզմների կատարելագործմամբ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, վերջին հանգամանքը պարտադիր չէ պայմանավորել կառավարման ձևի փոփոխության գործոնով։

-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։

-Նշված հարցի առնչությամբ տեսակետս արտահայտել եմ դեռ նախորդ տարի՝ Հանձաժողովում քննարկումների, քվեարկության ընթացքում։ Առաջարկվող հայեցակարգային մոտեցման ու դրա հիմքում ընկած հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումս ներկայացրել եմ նաև հրապարակային քննարկումների շրջանակներում։ Ամփոփ նշեմ, որ ինձ համար ընդունելի են սահմանադրական արդարադատության բոլոր մոդելները, քանզի դրանք բոլորն էլ առաջարկում են գոյություն ունեցող խնդիրների համարժեք լուծումներ: Միևնույն ժամանակ, ինստիտուտների նման լրջագույն վերափոխումը կարող է հաջողել սոսկ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ կոնկրետ չափանիշները պահպանելու պարագայում, որոնց մասին արդեն խոսեցի նախորդ հարցերի համատեքստում: Քննարկվող հայեցակարգային մոտեցման հիմնավորումները ինձ մոտ չեն ձևավորել այն մասնագիտական տպավորությունը, որ մոդելի փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորված է վերոգրյալ չափանիշների պահպանմամբ և առկայությամբ։

Մասնավորապես, ներկայացված հայեցակարգում արձանագրված խնդիրների մի մասի առկայության հետ ինքս համամիտ եմ եղել, մյուսների առկայությունը, համենայն դեպս ախտորոշված ձևաչափով, վիճելի եմ համարել։ Միևնույն ժամանակ, արձանագրել եմ, որ նույնիսկ այդ առանձին խնդիրների գոյությունը պայմանավորված է այնպիսի պատճառներով, որոնք որևէ ուղղակի կապի մեջ չեն գտնվում սահմանադրական արդարադատության մոդելների միջև ընտրության հանգամանքի հետ։

Բայց առավել կարևոր է այն, որ արձանագրված բոլոր խնդիրներն էլ ունեն իրենց հստակ լուծումները սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում։ Այդ է հուշում նաև հայաստանյան գործող մոդելին այս կամ այն չափով համարժեք և սահմանադրական արդարադատության զարգացած համակարգ ունեցող բազմաթիվ երկրների փորձը։ Հետևաբար, եթե նույնիսկ ախտորոշված առանձին խնդիրներ պահանջում են լուծում, ապա միանշանակ է, որ լուծումներ գտնելու առաջնային հանգամանքը մոդելի փոփոխությունը չէ, քանզի գոյություն ունեցող խնդիրների պատճառներն են բոլորովին այլ հարթություններում։

Նկատի ունենալով այն, որ ինձ համար առաջնային է գոյություն ունեցող խնդիրների ոչ թե հատվածական կամ իրավիճակային լուծումը, այլ դրանց ամբողջական հաղթահարումը, կարևոր եմ համարում խնդիրների պատճառների ախտորոշումն ու այդ պատճառների վերացումը։ Պատճառների վերացման տեսանկյունից էլ կարևոր է ընտրվող լուծումների, դրանց պատշաճ իրացման փաստացի հնարավորությունների և հնարավոր վտանգների ախտորոշումն ու այս ամենի միջև պատշաճ հավասարակշռության արձանագրումը։

Հարկ է նաև նկատի ունենալ, որ սահմանադրական արդարադատության այլ մոդելները ևս ենթադրում են բազմաթիվ խնդրահարույց հարցերի և իրավիճակների գոյություն, որոնք նույնպես պետք է դառնան համարժեք քննարկման առարկա և գնահատվեն հնարավոր ռիսկերի համատեքստում։ Հետևաբար, թեև Հայաստանում սահմանադրական արդարադատության ինստիտուտն ունի հետագա կատարելագործման կարիք, դա պարտադիր չէ պայմանավորել մոդելի փոփոխության հանգամանքով: Ավելին, նման լրջագույն փոփոխության անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի իմ կողմից արդեն իսկ ներկայացված չափանիշների պահպանմամբ և առկայությամբ։ Ուստի, հարցը նորից քննարկման առարկա դառնալու պարագայում կարևորում եմ հնարավոր նոր հիմնավորումների ամբողջական ներկայացումն ու վերլուծությունը, ինչն անհրաժեշտ է մոտեցման առնչությամբ պատշաճ դիրքորոշում ձևավորելու առումով:

-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երաշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:

-Հարցի պատասխանն ինձ համար բխում է նույն սկզբունքներից և արժեքներից, որոնց մասին արդեն խոսեցի մնացյալ հարցադրումների շրջանակներում: Ակնհայտ է, որ բացառապես առանձին սահմանադրական կարգավորումների ամրագրմամբ հնարավոր չէ լուծել մեր հասարակական համակարգում առկա խնդիրները: Հետևաբար, առաջնահերթ նշանակություն ունի բոլոր ոլորտներում պատշաճ սահմանադրական ու քաղաքական մշակույթի ձևավորումը:

Ինչ վերաբերում է Սահմանադրության տեքստում կատարվող փոփոխություններին, ապա անկախ դրանց ոլորտային բնույթից՝ առանցքային է սահմանադրական բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ չափանիշների պահպանումը: Դրանց պահպանման ու պատշաճ մշակույթի առկայության պարագայում կարող ենք խոսել անկախ և արդյունավետ համակարգերի ձևավորման ու զարգացման մասին: Եվ հակառակը՝ անկախ փոփոխությունների ոլորտից ու ծավալից՝ եթե չեն պահպանվում հիշատակված հանգամանքները, չի հաջողում նաև նշված համակարգերի ձևավորմանն ուղղված առաջնային նպատակը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել