Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։
Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանի հետ։
-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։
-Մեր Սահմանադրությունը փոփոխման ենթակա չէ։ Մենք կարիք ունենք, նոր, պատշաճ, նորմալ Սահմանադրության։ Այս գործող Սահմանադրության վրա կարկատաններն ավելի շատ են, քան բուն տեքստը։ Հարցը բովանդակությունն է, պետք է այն դնել մի կողմ և մշակել նոր Սահմանադրություն։
-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։
-Աշխարհում հայտնի տարբեր մեխանիզմներ կան, տարբեր փորձեր կան։ Ստեղծվում է Սահմանադրական հանձնախումբ, գիտնականներից կազմված խմբեր կամ կարող է գործող Ազգային ժողովը նախաձեռնել(Աստված չանի, որ այս ԱԺ-ն դրանով զբաղվի, խոտան դուրս կգա)։ Ավելի նպատակային է մրցութային կարգով հայտարարել սահմանադիր ժողովի ընտրություն։ 1 տարվա ընթացքում էլ է հնարավոր, բայց 2 տարվա ընթացքում հնարավոր է գրեթե կատարյալ փաստաթուղթ ներկայացնել, որը կարող է այլ երկների համար օրինակ դառնալ։ Ներկայիս Սահմանադրությունը մեռած փաստաթուղթ է։ Միայն գործում են այն դրույթները, որոնք օգնում են այդ պահին իշխանության եղած մարդկանց։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞։
-Կառավարման ձևը էական չէ։ Կարող է պետությունն ունենալ միապետական կառավարման ձև, բայց լինի ժողովրդավարական կամ կարող է ունենալ խորհրդարանական կառավարման ձև և լինի բռնապետական։ Կառավարման ձևը բացարձակ նշանակություն չունի։
-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։
-Հայաստանում շատ մարմիններ կան, որ ուղղակի «կույր աղիք» են, օրինակ՝ մարզպետարանները։ Նախարարություններն էլ մեծապես պետք է կրճատվեն։ Կառավարողների, չինովնիկների, ոստիկանների քանակը չի կարող այսքան մեծ լինել մի երկրի համար, որի բնկչությունը հավասար է եվրոպական մի միջին քաղաքի կամ Մոսկվայի մի թաղամասի։
-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:
-Որպես անկախ կառույց լավ օրինակ է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Կարծում եմ՝ նշանակաղ մարմինը չպետք է իրավասություն ունենա պաշտոնանկ անելու, դա լավագույն երաշխիքն է անկախ մարմին, կառույց լինելու։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարը հայտնել էր․ «Մենք առաջարկում ենք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»։