Թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումն Ուկրաինային որևէ կապ չունի Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք Ուկրաինային վաճառել ենք անօդաչու թռչող սարքերի մի խմբաքանակ: Այնպես չէ, որ ԱԹՍ-ները մենք Ուկրաինային վաճառում ենք այն ժամանակ, երբ վերջինիս և Ռուսաստանի միջև լարվածություն կա: Այդ խմբաքանակը մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածություններ կային հենց ամենասկզբում: Ուկրաինան ուներ որոշակի արտադրություն և ներդրումներ»,-ասել է Դեմիրը Milliyet թերթին տված հարցազրույցում։
Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի վաղ հաստատել էր, որ ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի 26-ին Դոնբասում առաջին անգամ օգտագործել են Անկարայի կողմից մատակարարված «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը հայտնել է, որ «Բայրաքթարները» միշտ օդ են բարձրանում մարտական զինամթերքով և օգտագործվում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ամրապնդել դիրքերը: