Մեզ համար բացեցին վարագույրը ու ցույց տվեցին փափուկ բարձը, իսկ թաքցրած ռումբերը մնացին էլի հետնաբեմում, դրանք մի օր պայթելու են․ Կարին Տոնոյան

Մեծ բան էր այն տղաների արածը, ովքեր գնացին և իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Այսօր մենք պարտականություն ունենք նրանց զավակներին պատասխան տալու։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ, իր ելույթում ասաց շարժման մասնակից, 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։

«Նրանց զավակները վաղը հարցնելու են՝ իսկ որ մեր հայրիկները չկան, Արցախը կա՞։ Նիկո՛լ, լսի՛ր, այդ պատասխանը դու խլել, գողացել ես մեզանից, դու մեզ հնարավորություն չես տվել, որ մենք համարձակություն ունենանք նայելու մեր թոռների աչքերին։ Եվ դրա համար դու պատասխան ես տալու»,-ասաց նա։

Կարին Տոնոյանի խոսքով՝ երեկ օտար երկրում որոշվում էր երկրի ճակատագիրը։

«Եվ այդ երկրի ճակատագիրը որոշում էր մի մարդ, որը կանգնել էր ինքն իր երկու մատերը բռնած, որը նշանակում է՝ ինքն իրենից խռով է, անվստահ, անընդհատ ոտքերը շարժող, որը նույնպես հուշում է, որ դասը չի սովորել, չգիտի, թե ինչ պատասխանի, ցանկացած մանկավարժ գիտի սա ու ներկայացնում էր մի ամբողջ ժողովրդի, ամբողջ աշխարհով սփռված մի ամբողջ ժողովրդի էր նա ներկայացնում։ Մենք ոնց ենք սա թույլ տվել, ժողովուրդ։ Երեկ մի ամբողջ ազգ նստած լարված նայում էր ու համոզված եմ՝ բոլորը, անգամ նրա ընտանիքի անդամներն ամաչում էին նրա տեսքից։ Երեկվա բանակցությունները ցույց տվեցին, որ հերթական անգամ մեզ համար բացեցին վարագույրը ու ցույց տվեցին փափուկ բարձը, իսկ թաքցրած ռումբերը մնացին էլի հետնաբեմում ու դրանք մի օր պայթելու են։ Այդ փաստաթուղթն իր մեջ ահավոր վտանգներ է պարունակում, դա գիտակցում է ձեզնից յուրաքանչյուրը, դրա համար չափից դուրս կրթված լինել պետք չէ, գիտնական լինել պետք չէ։ Փաստաթուղթը մեկ անգամ կարդալով հասկանում ենք, որ նա առանց ձայնի զիջեց Արցախը, որ Ալիևի համար միայն Ղարաբաղ բառ կար։

Նիկոլ, Արցախն իմ որդու զավակին է պատկանում և մենք կռիվ ենք տալու Արցախի համար, մտքովդ չանցնի, թե Արցախը հանձնելու ես։ Իսկ որպեսզի մենք հաղթենք՝ մի տարբերակ կա միայն, այդ ճանապարհը համախմբումն է ու դավաճան է լինելու նա, ով չի համախմբելու»։

Կարին Տոնոյանը հայտարարեց, որայսօրվանից հանդիպումներ են ունենալու տարբեր քաղաքական ուժերի հետ։

«Սկսում ենք բանակցությունների շարքը, որպեսզի վերադառնանք այստեղ բոլորով»,-ասաց նա։

Նա նաև դիմեց հոգևոր առաջնորդներին՝ խնդրելով, դիմելով ու պարտադրելով դուրս գալ ու առաջնորդել ժողովրդին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել