Նոյեմբերի 21-ին հայտարարվել էր, որ մեկնարկել է «Ազատագրական շարժումը», որի նպատակն է կանխել սահմանազատման և սահմանագծման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով ներկայացրել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։ Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։ Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծն ու պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հանրապետության հրապարակում, հավաքի ժամանակ հիշեցրեց շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
«Երեկ՝ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած հայտարարության համաձայն արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմերի միջև ստեղծվում է սահմանազատման և սահմանագծման հաձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ։ Հայտարարության մեջ ստորագրվող կողմերը հիմնվել են 3 պետությունների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության վրա, որի կետերը, ի վնաս Հայաստանի, խախտված են։ Այն է․ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դեպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր։ Ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք։ Ռազմագերիներն ու պատանդառված անձիք չեն վերադարձվել հայրենիք։ Մինչև վերջերս էլ ռազմական բախումներում առաջնագծում ունենք զոհեր։ Սա նշանակում է, որ մեր անվտանգության հարցը լուծված չէ։
Մենք նաև չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, երբ այդ սահմանազատման ու սահմանագծման ծրագիրը փորձի իրագործվել։ Սա նշանակում է, որ «Ազատագրական պայքարի» շարժման նպատակները չեն կարող իրագործվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Այս խնդիրը ծագել էր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո և այսօր էլ ապացուցվում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող այս խնդրով համարձակորեն առաջ տանել հայկական շահի պաշտպանության հարցը։
Վերոգրյալից ելնելով՝ «Ազատագրական շարժումը» պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Պահանջում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Կոչ է անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին՝ միավորվել այս երկու պահանջի ներքո։ Մենք կոչ ենք անում ոչ թե միավորվել մեզ, այլ միավորվել այս պահանջների ներքո ու բոլորով միասին ուժեզ ձայնով պահանջենք այս երկու անձի հրաժարականը»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Նա նաև նշեց, որ կան աստվածաբանական և բարոյական առաքինություններ, որոնք են՝ հույսը, սերը և հավատը ու խոհեմությունը, արդարությունը, արիությունը և չափավորությունը։
«Մեր գլխին եկած այս պատուհասները հետևանքն են մեր ազգային բարոյական արժեքներից հեռանալու։ Մենք լավ պատկերացնում ենք, որ հոգեպես ամուր անհատը ձևավորում է ամուր ընտանիք, ամուր ընտանիքը ձևավորում է ամուր պետություն, մեզ հետ կատարվող այս գործընթացները խոսում են նրա մասին, որ մենք այս հարցի կապակցությամբ խնդիր ունենք։ Վերջին տարիների շրջանում էլ թիրախավորվեցին այս կարևոր ինստիտուտները՝ ընտանիք, եկեղեցի, բանակ»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Շարման մասնակիցը հայտարարեց, որ պատրաստվում են վաղը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 12։00-ից ուղտագնացությամբ երթով շարժվել դեպի Մայր աթոռ սուրբ Էջմիածին։