«Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, ելույթ ունեցավ՝ ասելով․
«Այսօր ես ուզում եմ ընդամենը 2 հարց տալ՝ մենք ուզու՞մ ենք համախմբել հայ ժողովրդին, մեզ համար նշանակություն ունի՞, թե նրանք որտեղ են աշխատում և ի՞նչ խմբի մեջ են, որովհետև, հակառակ դեպքում, դա հայ ժողովուրդ չի լինում, դա լինում է էլի խումբ, եթե մենք սկսում ենք մասնատել։
Երեկ ասում էին, որ մենք հանդիպել ենք ԱԱԾ-ի պահեստազորի սպաների հետ և նկարվել։ Եթե ես վախենայի այդ հրապարակումից, ես չէի նկարվի իրենց հետ։ Այո՛, մենք բաց հայտարարում ենք, որ պատրաստ ենք հանդիպելու յուրաքանչյուր հայի հետ՝ ով ուզում է նա լինի, որովհետև այսօր մենք մի թշնամի ունենք և այդ թշնամուն օգնող մի մարդ։ Թշնամին թուրքն է՝ իր երկակի տարբերակներով, և նրա օգնողը կամ եղբայրը՝ Նիկոլ Փաշինյանը։ Մենք ուզում ենք նրանից ազատվել, հետևաբար՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ մենք միայն միասին կարող ենք։ Եթե այսօր որևէ առանձին ուժ՝ դա լիներ հասարակական, քաղաքական կամ որևէ այլ ուժ կարողանար դա մենակ անել, ուրեմն վաղուց արած կլիներ։
Մեկ տարի է՝ մենք ներքին ցասումից տառապում ենք և չենք կարողանում ազատվել նրանից։ Ամեն օր նրա արած չարագործություններից տառապում ենք ու կորցնում ենք ու էլի չենք կարողանում ազատվել։ Ինչու՞․ պատասխանը մեկն է՝ որովհետև միաբան չենք։ Հետևաբար՝ ես այստեղ պատասխանատու հայտարարում եմ․ ես կամ մենք հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք ընդունում են այդ պահանջը, որ պետք է հայ ժողովուրդը միասին ազատվի այս չարիքից, և մենք բոլորս միասին պիտի լինենք, որևէ կուսակցական պատկանելություն չպիտի հաշվի առնվի, որևէ խմբային պատկանելություն չպիտի հաշվի առնվի, և ինչպես Նժդեհն էր ասում, հայը կուսակցություն չպիտի ունենա, ավելին՝ նա իրավունք չունի կուսակցկանանալու, որովհետև հայը մեկ կուսակցություն պետք է ունենա, և դա հայ ժողովուրդն է։
Հիմա երկրորդ հարցս՝ հայ, ո՞վ ես դու։ Գիտե՞ք մեր դժբախտության պատճառը որն է։ Եթե կուզեք անգամ ես անկեղծ ասեմ, Նիկոլը չէ, մեր ինքնության այս պահի անգիտակցումն է։ Մենք մեզ հարց չենք տալիս՝ ո՞վ ենք մենք, ախր մենք շատ հզոր ենք։ Մենք չենք ուզում հիշել՝ ո՞վ ենք մենք։ Ամենակարևոր հարցն այս պահին հենց դա է։ Խնդիրը մեր մեջ է, ոչ թե Նիկոլի, որովհետև եթե մենք ընդունեինք, որ այդ հզոր ազգն ենք և հավատայինք, որ այդ հզոր ազգն ենք, նա անգամ չէր գա իշխանության։
Եվ ուրեմն, այսօրվա մեր համար մեկ օրակարգը՝ ամեն մարդ իրեն պիտի հարց տա՝ ես հավատու՞մ եմ, որ կարող եմ հաղթել, մենք հավատու՞մ ենք, որ կարող ենք հաղթել․ իհարկե հավատում ենք։ Եվ ուրեմն, հաղթելու ենք, ես ձեզ դա խոսք եմ տալիս, որովհետև ես եմ հավատում դրան, որովհետև մեր տղաներն էին հավատում դրան,ո որվհետև մեր Մոնթեն էր հավատում դրան։ Շնորհավոր ծնունդդ, Մոնթե ջան, կատարելու ենք քո խոսքը, ասում էիր՝ իմ կենացը չխմենք, իմ գործը կշարունակեք։ Երդվում ենք շիրիմիդ առաջ՝ գործդ կատարելու ենք և նորից ենք հետ բերելու ամեն կորցրած և նույնիսկ երազանքներդ ենք կատարելու»։