«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը»:
Այս խոսքերի հեղինակի համար ավելի թեթև՞ հարված էր, թե միգուցե նույնիսկ հարվա՞ծ էլ չէր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից: Իր մեղավորությամբ, իր պատասխանատվության ներքո»:
Ինչպես արդեն հայտնել ենք, ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է․
«Բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք և պետք է հրաժարվենք պետություն լինել։ Երկար տարիներ մեզ տարել են այդ ճանապարհով, որ մենք պետություն չենք։ Եվ հիմա կարող է պարզվի, որ մեր մեծագույն սխալը այն է, որ մենք մեր պետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը լուրջ ենք վերաբերվել։ Ոմանց կողմից դա հիմա ընկալվում է ամենամեծ անպատասխանատվությունը, որ մենք լուրջ ենք վերաբերվում մեր դրոշին, մեր զինանշանին։
Ինձ համար իմ վարչապետության տարիներին ամենածանր հարվածը եղել է այն, երբ որ ես դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ։ Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը, որ Հայաստանում մարդիկ քննարկել են, որ դրոշը ոտքի տակ տված պաշտոնյային, բա մեջքը ցավում է մարդու, դուք դրոշի համար պաշտոնյային աշխատանքից հանու՞մ եք։ Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ իրեն հանդիպած տեսարանին:
«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»,-նշել էր նա:
Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ երբ մտել են սենյակ, աշխատակիցը ներսում է եղել, իսկ ՀՀ դրոշը՝ հատակին գցված:
Նշենք, որ դեպքից որոշ ժամանակ անց Փաշինյանի հրամանով՝ այդ պաշտոնյան կրկին ընդունվել է աշխատանքի։