Ամենածանր հարվածը ինձ համար եղել է այն, երբ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ․ Փաշինյան

«Բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք և պետք է հրաժարվենք պետություն լինել»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Երկար տարիներ մեզ տարել են այդ ճանապարհով, որ մենք պետություն չենք։ Եվ հիմա կարող է պարզվի, որ մեր մեծագույն սխալը այն է, որ մենք մեր պետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը լուրջ ենք վերաբերվել։ Ոմանց կողմից դա հիմա ընկալվում է ամենամեծ անպատասխանատվությունը, որ մենք լուրջ ենք վերաբերվում մեր դրոշին, մեր զինանշանին։

Ինձ համար իմ վարչապետության տարիներին ամենածանր հարվածը եղել է այն, երբ որ ես դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ։ Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը, որ Հայաստանում մարդիկ քննարկել են, որ դրոշը ոտքի տակ տված պաշտոնյային, բա մեջքը ցավում է մարդու, դուք դրոշի համար պաշտոնյային աշխատանքից հանու՞մ եք։ Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ իրեն հանդիպած տեսարանին:

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»,-նշել էր նա:

Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ երբ մտել են սենյակ, աշխատակիցը ներսում է եղել, իսկ ՀՀ դրոշը՝ հատակին գցված:

Նշենք, որ դեպքից որոշ ժամանակ անց Փաշինյանի հրամանով՝ այդ պաշտոնյան կրկին ընդունվել է աշխատանքի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել