Միջազգային փորձից մեզ հայտնի վեթինգը չի կարող կիրառելի լինել փաստաբանական ինստիտուտի նկատմամբ։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով. «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։
Նա նշեց, որ նախ մինչև որևէ գործընթացի (մեր դեպքում վեթինգի) իրականացման նպատակահարմարության մասին գնահատականներ հնչեցնելը, պետք է բացահայտել դրա էությունը և բովանդակությունը:
«Առ այսօր «վեթինգ» եզրույթը ներպետական օրենսդրությունում պարզաբանված չէ: Մենք վեթինգի վերաբերյալ տեսակետներ ենք ներկայացնում միջազգային փորձի որոշ օրինակների համատեքստում: Ուստի այս պարագայում կարող ենք կարծիք հայտնել բացառապես այդ միջազգային փորձի տեսանկյունից»,- ասաց Բաբայանը:
Վերջինս, խոսելով փաստաբանների վեթինգի մասին, նշեց, որ փաստաբանական ինստիտուտը պետական ենթակայության ծառայություն չէ, այն անկախ փաստաբանների ինքնակարգավորվող միավորում է, ավելին, քաղաքացիական հասարակության կարևորագույն տարր:
«Հետևաբար, միջազգային փորձից մեզ հայտնի վեթինգը չի կարող կիրառելի լինել փաստաբանական ինստիտուտի նկատմամբ: Փաստաբանական ինստիտուտի վեթինգի օրակարգը իրավաբանական առումով ոչ ճիշտ մոտեցում է. քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ վեթինգ չի կիրառվում, այն բացառապես կիրառելի է պետական ինստիտուտների նկատմամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է՝ ասելով, թե այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, Սիմոն Բաբայանն ասաց.
«Պետք է նշել, որ Փաստաբանների պալատը և առհասարակ հայաստանյան փաստաբանությունը խստորեն դատապարտել են նմանատիպ երևույթները և համարել անընդունելի: Ավելին, նման վարքագիծը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, կամ առնվազն ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում, ինչը հիմք է փաստաբանի արտոնագրի դադարեցման համար: Սրա մասին է վկայում նաև կարգապահական վարույթներով Պալատի խորհրդի իրավակիրառ պրակտիկան»:
Նա ասաց, որ Փաստաբանների պալատում գործող ընթացակարգերը լրիվ բավարարում են մատնանշված արատավոր երևույթներին՝ դրանց ի հայտ գալու դեպքում իրավական գնահատական տալու համար: Հետևաբար, փաստաբանների նկատմամբ զտման որևէ գործիքակազմի ներմուծումը կդիտարկվի, որպես միջամտություն փաստաբանական ինստիտուտի անկախությանը, ինչը իր հերթին կհանգեցնի փաստաբանական համայնքի ներկայացուցիչների բնական, իրավաչափ հակազդման:
«Ինչ վերաբերում է որպես «բարեփոխում» ներկայացվող մի քանի փաստաբանական պալատների ստեղծման տեսակետին, ապա այս առումով բազմիցս նշել եմ, որ սա ոչ միայն հետընթաց է ինստիտուտի համար, այլ կոնկրետ միտում է՝ պառակտելու փաստաբանական համայնքը»,- ասաց Բաբայանը՝ անդրադառնալով մի խումբ փաստաբանների այն պնդմանը, որ եթե վեթինգը բարեփոխման հիմք է, ապա կարելի է նաև բարեփոխում իրականացնել միությունների ձևավորման միջոցով:
Նա հարկ համարեց նշել, որ նման տեսակետ են ներկայացրել փաստաբանական համայնքի մինորիտար թվով անդամներ: Ուստի նման տեսակետը չի կարող որոշիչ համարվել ամբողջ համայնքի համար:
«Այդ մասին է վկայում նաև առաջատար երկրների փաստաբանական համայնքների փորձը: Բազմապալատ փաստաբանական ինստիտուտների մոդելները որպես կանոն կիրառվում են մեծաթիվ փաստաբանական համայնքներում, որտեղ բաժանումը իրականացվում է ըստ տարածքային սկզբունքի: Հայաստանյան թվակազմին մոտ փաստաբանական ինստիտուտները ունեն միապալատ կառուցվածք»,- եզրափակեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Լուսինե Հակոբյան