Ա․Հ․-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ այցելել է ՀՀ-ում գործող տարբեր բժշկական կենտրոններ, լուսանկարահանել վիրավորված և ստացիոնար բուժօգնություն ստացող զինվորներին, որից հետո հիշյալ լուսանկարները տեղագրել է «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերի իր անձնական էջերում և վերջիններիս բուժման և այլ կարիքների համար գումարային աջակցության խնդրանքով դրամահավաք կազմակերպել։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեք» դատական տեղեկատվական համակարգից։
Նա մոր՝ Ս․Հ․-ի անունով հաշվեհամար է բացել, այն տեղագրել նշված կայքերում ու համապատասխան գրառումներով և ուղիղ հեռարձակմամբ կազմակերպված տեսաուղերձներով հորդորել բարերարներին դրամահավաքին ուղղված գումարներն ուղարկել հիշյալ հաշվեհամարին:
Ա․Հ․-ն տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի, Կուսա քաղաքում բնակվող Ն․ Ա․-ն նույնպես պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորումներ ստացած զինվորներին ֆինանսական աջակացության նպատակով դրամահավաք է իրականացնում, կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել վերջինիս նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող և ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների, որպիսի առաջարկին Ն․Ա․-ն համաձայնել է:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2020 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր ներառյալ Ա․Հ․-ի կողմից Ն․Ա․-ին է ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ։ Ն․Ա․-ի կողմից կազմակերպվել է դրամահավաք և ստացված գումարներն ուղարկվել Ա․Հ․-ին՝ պայմանավորվածությամբ, որ գումարը պետք է փոխանցվի վիրավոր զինվորներին, սակայն Ա․Հ․-ն զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով դարձրել է իրենը’ ներառելով իր գույքային ֆոնդի մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել։
Երևան քաղաքի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի մեղադրյալ Ա․Հ-ն կալանավորվել է։
Նշանակվել է դատական քննություն։