Ոչ միայն անթույլատրելի է փաստաբանների վեթինգը, այլև անհամատեղելի է մասնագիտական աշխատանքի հետ․ Աշխեն Դաշյան

Իրավական առումով փաստաբանների վեթինգն այնքանով է անթույլատրելի, որ փաստաբանությունը պետական գործառույթ չէ, իսկ փաստաբանները պաշտոնատար անձինք չեն: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աշխեն Դաշյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։

Դաշյանը նշեց, որ վեթինգը պետական պաշտոնատար անձանց ստուգման գործընթաց է, վեթինգի «թիրախում» կարող են հայտնվել հանրային/պետական կառույցներում պաշտոն զբաղեցնող կամ ծառայող անձինք: Իսկ փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական մարմինների համակարգի մեջ։

«Վեթինգը հանրային ծառայողների, պետական և քաղաքական գործիչների է վերաբերվում, ըստ որի՝ պետությունը նրանց ստուգման ենթարկելու գործընթացում, ի թիվս այլ նպատակների, հանրության վստահությունը նրանց նկատմամբ բարձրացնելու նպատակ է նաև հետապնդում։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ նույն հանրության պաշտպանությունը իրականացնող փաստաբանի նկատմամբ իրականացնել վեթինգ՝ նույն է պատժիչ գործառույթ, որն ուղղակի միջամտություն կլինի փաստաբանի անկախությանը, իրավապաշտպան գործունեությանը, իսկ փաստաբանի գործունեությունն արդարադատության համակարգում ունի առանցքային կարևորություն: Այդ մասնագիտական աշխատանքը ենթակա է հատուկ երաշխավորման»,- ասաց Դաշյանը:

Փաստաբանի խոսքով՝ միջազգային չափանիշները կարևոր երաշխիքներ են սահմանում փաստաբանների համար, ըստ որոնց, փաստաբանը իրականացնում է իր վստահորդների իրավունքների արդյունավետ պաշտպանություն՝ անկախության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանված լինելու պայմաններում:

Նա հիշատակեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 25.10.2000թ․ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» թիվ 21 հանձնարարականը, համաձայն որի, պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց խտրականության և առանց խոչընդոտների ինչպես հանրության, այնպես էլ իշխանությունների կողմից․ «Հետևաբար՝ ոչ միայն անթույլատրելի է փաստաբանների վեթինգը, այլև ընդհանրապես անհամատեղելի է փաստաբանի մասնագիտական աշխատանքի հետ»։

Աշխեն Դաշյանը լիահույս է, որ իրավական պետությունում իրավական հիմք չունեցող գործառույթ չի իրականացնի պետությունը․ «Այուհանդերձ, եթե իրականություն դառնա, համոզված եմ, որ փաստաբանական համայնքը քայլեր կձեռնարկի»,- ասաց նա՝ հավելելով, որ փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության իրականացման գործընթացի անբաժան մասն է, և փաստաբանների վեթինգը կհանգեցնի արդարադատության իրականացման գործընթացում իրավապաշտպան աշխատանքի, փաստաբանի հանրային հեղինակության, անկախության թուլացմանը, որոնք անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիքներից են:

Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է՝ ասելով, թե այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, փաստաբանն ասաց․

«Ինձ հայտնի չեն նման իրավիճակներ, այնուհանդերձ, եթե պարոն Ջանգիրյանի նշված «հեշտ են կոմունիկացվում» եզրույթը վերաբերում է փաստաբանի՝ կոռուպցիոն կամ այլ բնույթի հանցագործությունների մեջ ներգրավվելուն, ապա նման արարքի համար քրեական հետապնդման ենթարկելու, արտոնագրից զրկելու սանկցիաներ արդեն իսկ նախատեսվում են գործող օրենքներով: Նման փաստի հայտնաբերման դեպքում, ներկայումս էլ նույն իրավական հետևանքները կան, ո՞րն է տրամաբանությունը մեկ այլ վարույթով ևս նույն արարքի համար քննություն իրականացնել, պատասխանատվության  ենթարկել»:

Դաշյանի կարծիքով՝ պետք է նաև նկատի ունենալ, որ ի վերջո յուրաքանչյուր փաստաբան իր գործունեությունը իրականացնում է մասնավոր ոլորտում, մասնավոր իրավահարաբերություններում, և պետությունը չի կարող մասնավոր ոլորտում իրականացնել վեթինգ, վերստուգել մասնավոր ոլորտում մասնագետի կատարած աշխատանքի որակի, բարեխղճության, էթիկայի, արժեհամակարգի ստուգում:

Ըստ նրա` եթե փաստաբանի վեթինգի նպատակը հակաիրավական արարքի, բարեվարքության, էթիկայի, ազնավության, արժեհամակարգի, մասնագիտական որակների ստուգումն է և պատասխանատվության միջոցների կիրառումը, ապա վեթինգի փոխարեն արդեն իսկ մի քանի օրենքներով փաստաբանների նկատմամբ, կախված արարքի ու վարքագծի հատկանիշներից, կան պատասխանատվության միջոցներ։

«Օրինակ` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների և փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման և կարգապահական պատասխանատվության միջոցներն են, որոնք կիրառվում են: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով դատական սանկցիաների կիրառումն է փաստաբանի նկատմամբ, ինչպես նաև փաստաբանների պալատին տեղեկատվության տրամադրման պարտավորությունը դատարանի համար, եթե փաստաբանի կողմից թույլ են տրվել  վարքագծի կանոնների այնպիսի խախտումներ, որոնք կասկածի տակ են դրել փաստաբանի ազնվությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով մի խումբ փաստաբանների այն պնդմանը, որ վեթինգը նաև բարեփոխման հիմք է և կարելի է նաև բարեփոխում իրականացնել միությունների ձևավորման միջոցով, Աշխեն Դաշյանն ասաց․

«Փաստաբանների պալատի բաժանմանը կողմ չեմ, ըստ իս՝ բաժանումը կթուլացնի մեր ինստիտուտի անկախությունը, և միությունների ձևավորումը չի կարող արդյունավետ լինել»:

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել