ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«Այն բանից հետո, երբ երեկ մենք հրապարակեցինք փաստեր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունն անօրինական է և որ այդ պատճառով Սյունիքում առաջ են եկել մարոդու իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լրջագույն խնդիրներ, լրատվամիջոցներում այսօր արվել են արհեստական հրահրված տարբեր հրապարակումներ, թե իբր ՀՀ մարդու իրավավունքների պաշտպանի փաստերը, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն էականորեն դժվարացել է, իրականությանը չեն համապատասխանում:
Ուստի, մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ: Այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ արտաքին աշխարհից մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ:
Ուստի, այս հրապարակումը (տեսանյութ-ապացույցը) ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք: Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները: