Առաջին հերթին պետք է ստուգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԲԴԽ-ի անդամների բարեվարքությունը․ Կարեն Զադոյան

Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ նոյեմբերի 8-ին անցկացված աշխատաժողովի ժամանակ, որը կազմակերպվեր էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը աշխատաժողովի ժամանակ առաջիկա Սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվելիք դտաավորների բարեվարքության ստուգման վերաբերյալ ներկայացրեց 4 առաջարկ։

«1-ինը դատավորների և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության ստուգումն է։ Մենք երեք չափանիշ ենք նախատեսում․ միջազգային չափանիշներ են դրանք` ակտիվների ստուգում, կասկածելի կապերի ստուգում (այդ կապերը կարող են ներառել քրեական, կոռուպցիոն, քաղաքական կապերը և այլն) և գիտելիքների, հմտությունների ստուգումը։

Շատ կարևոր է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դատավորների բարեվարքության ստուգման սահմանադրական հիմքերի ստեղծումը։ Այստեղ է, որ մեր իրականությունը մի քիչ տարբեր է միջազգային փորձից։ Միջազգային փորձն ասում է, որ բոլոր դատավորների վեթինգը պետք է իրականացնի հատուկ այդ նպատակով ստեղծվելիք մարմինը, մենք ասում ենք, որ պետք է ինստիտուցիոնալ սահմանադրական գործիք ստեղծենք, որն անցումային արդարադատության հետ ավելի քիչ աղերս ունի, և ավելի շատ աղերս ունենա համակարգային դատական բարեփոխման հետ։

Այդ նպատակով դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում,  այդ նպատակով ստեղծվելիք ժամանակավոր սահմանադրական մարմինները պետք է ստուգեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների բարվարքությունը, որովհետև այն ունի կարևորագույն գործառույթ ստուգելու նաև դատավորների գույքը, եկամուտները, ծախսերը, բայց այդ հանձնաժողովը ձևավորվել է հստակ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։ Այսինքն սա այն անկախ և անկողմնակալ մարմինը չէ, որը պետք է դատավորներին վեթինգ անի, քան դեռ հանձնաժողովի անդամները իրենք վեթինգի չեն ենթարկվել: Դրա համար էլ առաջինը հենց այս հանձանժողովի անդամները պետք է ենթարկվեն վեթինգի, պետք է ստուգվեն հանձնաժողովի բոլոր անդամների ակտիվները, կասկածելի կապերը, գիտելիքներն ու հմտությունները, նոր դրանից հետո այս մարմինն իրավունք ունենա ստուգել դատավորների ակտիվները»,-ասաց Կարեն Զադոյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է նաև, որ դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների բարվարքության ստուգմանը զուգահեռ պետք է ստուգվի նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների բարեվարքությունը ևս, որովհետև գոյություն ունեն ողջամիտ կասկածներ, որ ԲԴԽ-ի անդամներն էլ ունեն քաղաքական աֆիլյացիաներ՝ նախկին և ներկա քաղաքական իշխանությունների հետ։ Նույն կերպով, դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում, պետք է բարեվարքության ստուգում անցնեն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները։ Դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում ընդհանուր առմամբ խոսքը շուրջ 40 հոգու բարեվարքության ստուգման մասին է, ինչը կարող է շատ կարճ ժամանակ տևել (շուրջ մեկ տարի), այլ ոչ՝ երկար տարիներ`ինչպես շատ երկրների համանման փորձն է ցույց տալիս։

«Դատավորների բարեվարքության ստուգման համար ձևավավորվելիք սահմանադրական մարմինների համար նոր հեծանիվ պետք չէ հնարել, քանի որ այս առումով կա միջազգային փորձ և քաղված դասեր: Այդ մարմինները պետք է լինեն որակավորման հանձնաժողովը, բողոքարկման խորհուրդը և հանրային հանձնակատարը, որոնք կկազմակերպեն և կհսկեն այս պրոցեսը, իսկ վերհիշյալ մարմինները պետք է ձևավորվեն Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների կողմից՝ իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից՝ հավասար, 50-50 տոկոս հարաբերությամբ։

Դատավորների բարեվարքության ստուգման 2-րդ փուլում, սահմանադրական բարեփոխումների իրականացման արդյունքում ԲԴԽ-ի լիազորությունների ցանկում ավելացված դատավորների բարեվարքության ստուգման լիազորության շրջանակներում ԲԴԽ-ն կիրականացնի դատական իշխանության մյուս ատյաններում պաշտոնավարող բոլոր դատավորների մեկանգամյա բարեվարքության ստուգում:

Շատ կարևոր է նաև, որ դատավոր նշանակելու սահմանափակումների վերանայում կատարվի՝ ներառելով սահմանափակում դատավորի կողմից կայացրած դատական ակտի վերաբերալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դատավորի գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի առկայությունը»,-ասաց ԻՀԱ նախագահը։

2-րդ առաջարկը հետևյալն է. դատավորների բարեվարքության ստուգման բարեփոխման շրջանակներում կիրականացվի դատական օրենսգրքի և այլ օրենսդրական բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան իրականցնել դատավորների նոր թեկնածուների պատրաստումն ու դատավորների պահուստային ցուցակի կազմումը։ Այս ամենը հնարավորություն կտա դատավորների բարեվարքության ստուգման արդյունքում դատական իշխանությունը լքած դատավորներին, մինչև նրանց հեռացումը, արդեն փոխարինողներ գտնել, որպեսզի դատավորների բարեվարքության ստուգման ամբողջ գործընթացը ընթանա սահուն և առանց ցնցումների` ի տարբերություն դատավորների վեթինգ իրականացրած այլ պետությունների, օրինակ` Ալբանիայի:

3-րդ առաջարկը վերաբերում է դատավորի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության  հետադարձ ուժի արգելքի սկզբունքի ընդհանուր կարգավորման դիտարկմանը։

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4.1-րդ կետի համաձայն՝ հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: Այս ժամկետի սահմանումը պայմանավորված է ՀՀում ապօրինի հարստացման հանցակազմը քրեականացնելու հետ, և այս պարագայում հետադարձ ուժի կիրառումը արգելվում է։ Այսինքն ստացվում է, որ ԿԿՀ-ն իրավասու վերլուծելու դատավորների 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերը։ Այս իրավահարաբերությունների նկատմամբ հետադարձ ուժի կիրառման մասին 2019թ․-ին իր դիրքորոշումն է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ 2020 թվականին ընդունված Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ համատեղ կարծիքի շրջանակներում։ Մասնավորապես, հանձնաժողովը անդրադառնալով դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նոր կանոններին, ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր է, որ այդ նոր՝ փոփոխվող դրույթները չունենան հետադարձ ուժ, և Հայաստանի օրենսդիրը դիտարկի նաև Դատական օրենսգրքի շրջանակներում փոփոխվող դրույթների հետադարձ ուժի չկիրառման մասին համապատասխան կարգավորման նախատեսումը։ Իսկ եզրակացության շրջանակներում հանձնաժողովը նշել է, որ ֆինանսական հայտարարագրերի հետ կապված դատավորների նոր պարտականություններն ընդունելի են (պայմանով, որ դրանք հետադարձ ուժ չունեն)։

Քննարկվող երկու դեպքում էլ իրավական խնդիրը կապված է հետադարձ ուժի կիրառման սահմանադրական սկզբունքի հետ (ՀՀ սահմանադրության 73-րդ հոդված), ըստ որի՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Ըստ էության, այն դեպքում եթե ԿԿՀ-ն վերլուծում է դատավորի մինչև 2017 թվականի հայտարարագիրը և հայտնաբերում է խախտում, դրան չի կարող ընթացք դրվել՝ վերը նշված օրենքի դրույթի ուժով։ Ավելին, այս դրույթի փոփոխություն նույնպես կատարել հնարավոր չէ, քանի որ կստացվի, որ փոփոխությունները սահմանում են դատավորի իրավական վիճակը վատթարացնող կարգավորումներ, ինչը ՀՀ սահմանադրությամբ արգելված է՝ հետադարձ ուժ ունենալու տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը։ Փաստացի ստացվում է, որ անցումային արդարադատության շրջանակներում դատավորների վեթինգի (գնահատման) գործընթացում իրավական մեխանիզմներով վաղեմության ժամկետները հաղթահարվել չեն կարող, իսկ նպատակին հասնելու գործիքները/ընթացակարգերը պետք լինեն իրավական՝ կայացված որոշումների անխոցելիության, և հետագայում՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ուղարկվող բողոքների բացառման նպատակով։ Ուստիև, քննարկվող փոփոխությունները առաջարկվում է իրականացնել սահմանադրական բարեփոխումների համատեքստում։
Միաժամանակ հարկավոր է կատարել առավել մանրամասն և խորքային ուսումնասիրություն, այդ թվում նաև` միջազգային փորձի և միջազգային դատարանների կողմից կայացրած ակտերի, և ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում, պարզելու, թե արդյո՞ք իրավական տեսանկյունից հնարավոր է Սահմանադրությամբ ամրագրել հետադարձ ուժի արգելքի սկզբունքի ընդհանուր կարգավորում, և միաժամանակ նույն հոդվածի երկրորդ մասով սահմանել անցումային ժամանակահատված այդ սկզբունքից շեղվելու համար՝ դիտարկելով այս կարգավորման՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանության հարցը»,-ասաց Կարեն Զադոյանը։

4-րդ առաջարկը կապված է դատավորի կարգապահական պատասխանատվության առիթների ու ժամկետների վերանայման հետ։ Դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1- ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի։ Հիշյալ բացառությունը վերաբերում է կարգապահական վարույթ հարուցելու առիթներից հետևյալին․ վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը: Տվյալ դեպքում, օրենսգիրքը չի նախատեսում այլ հատուկ ժամկետ, քան մեկ տարին է՝ այս առիթով վարույթ հարուցելու դեպքում։

Պետք է նշել, որ 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն` 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա։ Այսինքն, մինչև միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կողմից նախքան 2020 թվականի մարտի 3-ը կայացրած դատական ակտերը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ չեն կարող հանդիսանալ։ Ուստի անհրաժեշտ է դիտարկել վերոհիշյալ կարգապահական պատասխանատվության առիթի ժամկետների վերանայման հնարավորությունը: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է նույն սահմանադրական փոփոխությունները, որոնք նշված են 3-րդ առաջարկի՝ «Դատավորի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության հետադարձ ուժի արգելքի սկզբունքի ընդհանուր կարգավորման դիտարկում» շրջանակներում։

Այնուհետև ԻՀԱ նախագահը ավելացրեց, որ իր կարծիքով Սահմանադրությամբ հնարավոր է վերանայել նաև հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, քանի որ դա Հայաստանի Հանարապետության և իր քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել