Ինչպես չի կարող բարձր մասնագիտական կոմպետենցիաներ, բայց խոցելի բարոյականության հատկանիշներ ունեցող դատավորն իրականացնել արդարադատություն, այնպես էլ բարոյապես անխոցելի ու մասնագիտական թույլ կոմպետենցիաներ ունեցող դատավորը չի կարող իրականացնել արդարադատություն։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողովի ժամանակ ասաց Իրավաբանների հայկականա սոցիացիայի (ԻՀԱ) նախագահ Կարեն Զադոյանը։
«Հասարակական անկախ կազմակերպությունները որքան ինքնիշխան, լռելյայն գործ են անում և ավելի քիչ են հրապարակայնորեն ցույց տալիս իրենց կանոնադրական գործունեությունը, այնքան այդ տեղը լցվում է այն հասարակական կազմակերպություններով, որոնք փորձում են ներկայացնել, որ Հայաստանում դոմինանտ են, բայց դա խաբկանք է, իրականում դա այնդպես չէ: Ավելին, բոլոր մասնագիտական հասարակական կազմակերպությունների համար աշխատելու ու գործելու հնարավորություններ կան ու և՛ պետական մարմինների, և՛ միջազգային կազմակերպությունների կողմից պետք է խտրական վերաբերմունք չցուցաբերվի, պետք է ավելի ներառական վերաբերմունք լինի, որովհետև միացյալ և փոխլրացնող ջանքերով է միայն հնարավոր առկա հիմնախնդիրները լուծել։ Այդ հիմնախնդիրներից է նաև մեր դատական իշխանությունը, մենք գիտենք, որ դրա հետ կապված խնդիրները նոր չեն, դրանք կրում են շարունակական բնույթ, սկսած մեր անկախության ժամանակաշրջանից մինչև հիմա, խնդիրները խորքային են և համակարգային լուծումների անհրաժեշտություն ունեն»,-աշխատաժողովիի ժամանակ իր խոսքում ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։
Նա նշեց, որ դատական իշխանությունը միակը չէ, որ խնդիրներ ունի․ խոցելի են և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը։ Կարեն Զադոյանի խոսքով՝ շուրջ երկու տարուց ավել է, ինչ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իր ջանքերն է ներդրել, որպեսզի կարողանա համակարգային լուծումներ առաջարկել քաղաքական ուժերին, մասնագիտական կազմակերպություններին, օրվա քաղաքական իշխանությանը, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։
«Մենք իրականացրել ենք մի շարք մասնագիտական համաժողովներ, աշխատաժողովներ՝ նվիրված անցումային արդարադատությանը, դատական համակարգի բարեփոխումներին և այս հերթական նախաձեռնությունն ավելի միտված է դատավորների բարեվարքության գնահատմանն ու դատական իշխանության առողջացմանը։ Մենք գիտենք, որ ընդհանրապես բարեվարքություն տերմինն իր մեջ տարր է պարունակում, ըստ միջազգային բնորոշման, որոնք են մասնագիտական կոմպետենցիան, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, էթիկան և կոռուպցիայից զերծ լինելը։
Արդարադատություն տերմինն էլ երկու բաղադրիչից է բաղկացած, որից արդարություն բաղադրիչը բարոյական կողմն է, իսկ դատավարություն բաղադրիչը` մասնագիտական, ու այս երկուսի ներդաշնակ միասնությունն է, որ բերում է իրական արդարադատության իրականացմանը»,-ասաց ԻՀԱ նախագահը։
Կարեն Զադոյանը նաև նշեց, որ այս խնդրին լուծումներ տալու համար կարևոր է մասնագիտական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցությունը։