Հայտնի 411-ը

«411» ասելով իրավաբանները և բազմաթիվ ոչ իրավաբաններ հասկանում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվություն դրամական պարտավորությունները չկատարելու համար:

«Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի, այսինքն՝ պարտավորության կատարման օրվան հաջորդող, օրվանից մինչև պարտավորության դադարման՝պարտավորության կատարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների»,-Իրավաբան.net-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Նշված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նշված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

411 հոդվածով նախատեսված տոկոսները չեն հաշվարկվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հոդվածով հաշվարկված վնասների և տուժանքի և նույն հոդվածի 3-րդ կետով հաշվարկված տոկոսների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության դրամի և օտարերկրյա այն արժույթների համար, որոնցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում կատարում է գործառնություններ:

Եթե պարտատիրոջ դրամական միջոցների անօրինաչափ օգտագործմամբ նրան պատճառված վնասները գերազանցում վերը նշված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը, նա իրավունք ունի պարտապանից պահանջել հատուցելու վնասները:

Փաստաբանի փոխանցմամբ. «Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել