Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավորությունը։
Ողջունելով ԵԽ պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ոլորտում մեր կարևոր գործընկերներից է 2000 թվականից ու գործնականում ուղեկցում է մեզ մեր բոլոր բարեփոխումների ճանապարհին: Կարծում եմ, որ մենք այս դժվար ժամանակաշրջանում, հատկապես ժողովրդավարության առումով ունենք կոնկրետ ձեռքբերումներ, և հատկապես այստեղ դա արժե ընդգծել: Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության առաջին օրերից մինչև 2018 թվականը անընդհատ արձանագրվել են անհաղթահարելի թվացող պրոբլեմներ՝ ընտրությունների որակի, պաշտոնական արդյունքների վստահելիության վերաբերյալ, բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այդ պրոբլեմը հաղթահարված է:
Ուզում եմ նաև ընդգծել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընտրությունները կիրառվել են որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործիք, մինչդեռ նախկինում միշտ ընտրություններն ավելի շատ ներքաղաքական ճգնաժամի և հակասության ու հակադրության պատճառ են եղել: Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին, շարունակելու ենք այդ ուղեգիծը և ուրախ ենք, որ այդ ճանապարհին կարող ենք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա»:
Մարթեն Էհնբերգը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Նա նշել է, որ պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել հայաստանյան գործընկերների հետ և մտքերի փոխանակության ընթացքում արձանագրել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման համար:
Վարչապետը, ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների խնդրանքով, մանրամասներ է ներկայացրել ՀՀ ժողովրդավարական օրակարգի վերաբերյալ՝ խոսելով հակակոռուպցիոն, ընտրական, խոսքի ազատության, դատական, քրեակատարողական, ինչպես նաև այլ ոլորտների բարեփոխումների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ընթացիկ արդյունքները ցույց են տալիս, որ Կառավարության նախաձեռնած ռեֆորմների արդյունքում հաջողվել է նշված ուղղություններով ստեղծել վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ: Այս գործընթացը շարունակվում է:
Հանդիպմանը վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Դրանք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կրթական բարեփոխման կարևորությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության խթանմանը, խորհրդարանական կառավարման համակարգի լավարկմանը և այլն:
ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ հանգամանալից անդրադարձի համար և նշել, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին վկայող աշխատանքները կներկայացվեն 2022թ. հունվարին նախատեսվող ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի քննարկմանը: