Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պաշտպանության նախարարն արձագանքել է ԳՇ պետին ուղղածս գրությանը՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։
Ես չգիտեմ, թե ինչով է զբաղված ԳՇ պետը՝ բացի իր ոլորտում անկարողություն, թուլություն և պաշտոնական դիրքին անհամապատասխանություն դրսևորելուց, բայց իր փոխարեն վերադասն է արձագանքել։
Ուրեմն սրանք իրենց անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։
Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի, այլ իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել և որպես «լուծում» ԳՇ պետը նախ խախտում է օրենքը՝ պատգամավորի գրությանը սահմանված ժամկետում չպատասխանելով, իսկ ավելի ուշ Պնախարարն արձագանքում է, թե պատգամավորի այցն առաջնագիծ նպատակահարմար չեն համարում։
Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել պաշտպանության փոխնախարարը, ով բացի իր բերած նախագծից, իր ոլորտին վերաբերող որևէ հարցի ադեկվատ չարձագանքեց։
Սա է երկրի վիճակը, սա է անվտանգության բլոկի դեմքերի վերաբերմունքն ու անպատասխանատու կեցվածքը երկրի առաջ առկա սպառնալիքներին»։