Իրավունքի գերակայության հրամայականը. սեմինար

Հունիսի 5-ին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնը ՀՀ սահմանադրական դատարանի՝ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվան սրահում անցկացրին «Իրավունքի գերակայության սկզբունքի տեղն ու դերը իշխանության հանրային վարքագծում» թեմայով սեմինար։ Հիմնական բանախոսներն էին ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը։

Օրենքի՞, թե՞ իրավունքի գերակայություն։ Անշուշտ՝ իրավունքի՛ գերակայություն։ Սակայն մեր իրականության մեջ կան մարդիկ, ընդհուպ մասնագետներ, ովքեր ինչ-որ իներցիայով շարունակում են տարբերակում չդնել այդ հասկացությունների միջեւ, ինչը նաեւ իրավական անգրագիտության դրսեւորում է։ Ահա մտահոգություն, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի հորդորով եւ գործուն մասնակցությամբ հրավիրվեց հիշյալ սեմինարը։

Բանախոսը նախ կարեւորեց սեմինարի անցկացման անհրաժեշտությունը՝ այն պայմանավորելով մի շարք հանգամանքով։ Առաջին՝ այս տարի լրանուն է մեր հայրենակից, իրավագիտության խոշոր մասնագետ, երջանկահիշատակ Վլադիկ Ներսիսյանցի ծննդյան 75-ամյակը։

Նա մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքում, այլեւ ողջ աշխարհի իրավագետների շրջանում։ Եւ պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար կազմակերպվում են իրավունքի փիլիսոփայության հարցերով «Ներսիսյանական ընթերցումներ»։ Իսկ Հայաստանում մեծ իրավագետի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, կմեկնարկի Ներսիսյանցի՝ իրավունքի փիլիսոփայության հայացքներին եւ մերօրյա հիմնախնդիրներին նվիրված առանձին գիտաժողով։ Երկրորդ՝ այս տարվա հուլիսի 2-5-ը Հայաստանում հրավիրվելիք համաեվրոպական խորհրդաժողովը նույնպես այսօրվա սեմինարի թեմային է անդրադառնալու՝ կարեւորելով հիմնահարցի՝ միջազգային մեծ նշանակությունը։

 Այդ խոշոր ֆորումին մասնակցելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահները, տասնյակ երկրների սահմանադրական եւ համարժեք դատարանների նախագահներ, օմբուդսմեններ, պառլամենտական պատվիրակություններ։

Անցնելով բուն՝ իրավունքի գերակայության թեմային, պարոն Հարությունյանը վկայեց այս հարցում Հայաստանի Հանրապետության ունեցած միջազգային պարտավորվածությունը.«Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, վավերացրել է Եվրախորհրդի կանոնադրությունը, որի 3-րդ հոդվածն ամրագրում է. «Անդամ երկրները պարտավորվում են երաշխավորել իրավունքի գերակայության սկզբունքը»։

Բանախոսն իր զեկուցման մեջ հանգամանալից ներկայացրեց իրավունքի գերակայության նշանակությունը, օրենքի գերակայություն հասկացության հետ ունեցած տարբերակումը, իրավական բովանդակությունը։

Երկրորդ բանախոսը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Ա. Վաղարշյանը հանգամանալից անդրադարձավ «Իրավունքի գերակայություն» հասկացության տեսա-փիլիսոփայական եւ իրավագիտական բովանդակությանը, դրա ընկալման եւ իրավունքի գիտակայնության սկզբունքի իրացման հիմնախնդիրներին։

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել