Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին «ՏԱՍՍ» -ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերի 29 -ին Սոչիում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններին նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Կովկասում:
Իր հերթին Էրդողանը նշել է, որ «լուրջ ակնկալիքներ» ունի Պուտինի հետ Սիրիայի հարցով բանակցություններից: Նաև, ըստ նրա, Անկարան ձգտում է Մոսկվայի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնել և ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի: Բացի այդ, օգոստոսին Թուրքիայի նախագահը ասաց, որ Ռուսաստան իր առաջիկա այցի ընթացքում մտադիր է, ի թիվս այլ հարցերի, քննարկել S-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդի գնման մանրամասները: